Պուտինը Էրդողանին հայտնել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է News.am:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվակաի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը:

Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն է դարձել Ադրբեջանի և Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման, խաղաղ կյանքի հաստատման գործում գործնական փոխգործակցությանը պատրաստականության, ընտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման տրամադրվածության հաստատումը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հաջողվել է համաձայնեցնել այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմից աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի ջանքերին, արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերի և փոխշահավետ նախագծերի առաջմղման շրջանակում:

Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ ասպեկտների:

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնման խնդիրներին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության ու կիրառման ծրագրերի իրականացման խնդիրներին:

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ամանորը և վստահություն հայտնել, որ գալիք տարում Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերությունը հետագա զարգացում կունենա: