ԱԼԻԵՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ԿՈՄՊՐՈՄԱ՞Տ ՈՒՆԻ
44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցը լրացուցիչ նրբագծեր հաղորդեց Փաշինյանի դեմ մեղադրանքներին: Մեղադրանքներ, որոնք շատերի մոտ ուղղակիորեն կապակցվում են «դավաճանություն» հասկացության հետ։ Ընդ որում՝ արդեն ոչ միայն բառի տարածված, լայն իմաստով, այլ հենց քրեադատավարական ընկալմամբ։
Հիշեցնենք. Միքայել Համբարձումյանը հաստատեց, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից վարչապետին զեկուցվել է ծանր իրավիճակի մասին, այն մասին, որ «գնում ենք դեպի պարտություն»: ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքերով, իրավիճակի մասինը ինքը Փաշինյանին զեկուցել է ամենժամյա ռեժիմով, իսկ հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը, և կրկին նշվել է, որ պատերազմը շարունակելու ռեսուրսները սպառվում են և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Ինչպես հավաստում է Համբարձումյանը, այն մասին, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն է եղել դադարեցնելու պատերազմը, ինչի մասին ավելի ուշ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքն իմացել է միայն նոյեմբերի 7-ին, ընդ որում՝ ոչ Փաշինյանից։ ԱԱԽ-ն նույնպես տեղեկացված չէր այդ հնարավորության մասին, հավաստում է Համբարձումյանը, որի խոսքերով՝ կարելի է միայն գուշակել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել պատերազմն արդեն այն ժամանակ, թեև ռազմական գործողությունների ելքը կանխորոշված էր…
Այսպիսով, ստացվում է, որ Փաշինյանը ոչ միայն մերժել Է դեռևս հոկտեմբերի 19-ին մարտական գործողությունները դադարեցնելու և այսպես կոչված Լավրովի ծրագրի իրականացմանն անցնելու Պուտինի առաջարկը, այլև նույնիսկ տեղյակ չի պահել այդ մասին Անվտանգության խորհրդին։ Եվ նույնիսկ ԱԱԾ ղեկավարը նման հնարավորության մասին իմացել է միայն 20 օր անց։
Ինչո՞ւ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի համաձայնել կրակի դադարեցմանը և ինչո՞ւ է թաքցրել այդ հնարավորությունն Անվտանգության խորհրդից։ Ինչպե՞ս չհարցնել. գուցե այն պատճառով, որ Շուշին այն ժամանակ դեռ լիովին հայկական կողմի վերահսկողության տա՞կ էր, և Հադրութի համար մարտերն էլ շարունակվում էին։ Եվ այստեղ անհնար է չանդրադառնալ դավաճանության թեմային, չանդրադառնալ Փաշինյանի իշխանության գալու պահից ի վեր իր ու Ալիևի միջև ընթացող գաղտնի բանակցությունների թեմային և, վերջապես, յոթ շրջանների համար 5 մլրդ դոլարի թեմային, որոնք Ալիևն ապարդյուն առաջարկել է դեռևս Սերժ Սարգսյանին։ Ակնհայտ է, որ առաջարկն ուժի մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո…
Ալիևի առջև Փաշինյանը սովորաբար իրեն պահում է փետրած հավի պես, ոչ մի կերպ չի արձագանքում, երբ Ադրբեջանի նախագահն իրեն անվանում է հարբած ծաղրածու։ Գուցե դրա պատճառը հենց այն է, որ ՀՀ վարչապետը դիտարկե՞լ է առաջարկվող տարբերակը։ Եվ Իլհամ Ալիևն ունի այդ դավադիր պայմանավորվածության ապացույցները, որոնք կարող են ներկայացվել ցանկացած պահի։
Կրկին իսկ, երբ ասում ենք, որ վարչապետը կարող էր դիտարկել նման տարբերակը, ընտրում ենք մեղմ ձևակերպումներ, քանզի անկախ ամենից՝ չես ուզում հավատալ, որ գործարքն այս կամ այն ձևով, բայց եղել է։ Սակայն, հավանաբար, ստիպված կլինենք հավատալ։ Մանավանդ եթե հիշենք ադրբեջանական մամուլում տեղ գտած արտահոսքերը պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ։
Երբ, բնականաբար՝ Ալիևի նախաձեռնությամբ, ադրբեջանական կայքերից մեկը գրեց այն մասին, որ դեռևս 2018-ի ամռանը Փաշինյանի և Ալիևի պատվիրակները հանդիպել են եվրոպական մայրաքաղաքներից մեկում (ինչպես պարզվեց ավելի ուշ՝ Պրահայում)։ Իսկ այդ արտահոսքի էությունն այն էր, որ Իլհամ Ալիևը զայրացած էր, քանի որ առաջին օրերին Փաշինյանը համաձայնել էր վերադարձնել յոթ շրջանները, բայց հետո սկսել պոչ խաղացնել, պատճառաբանելով դա երկրում տիրող բարդ իրավիճակով։ Եվ քանի որ այսօր Փաշինյանին հավատալու բացարձակապես ոչ մի հիմք չկա, օրինաչափ հարց է ծագում. եթե Փաշինյանը նախնական համաձայնություն է տվել, ապա ինչի՞ դիմաց։