Georgian airways-ը ժամանակավոր չարտերային չվերթեր է իրականացնում Երևանով Մոսկվա

Georgian airways վրացական ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ բացառության կարգով Երևանով Թբիլիսիից Մոսկվա չարտերային չվերթեր է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերությանը։

«Ավիաընկերությունը սկսել է մի քանի չվերթ իրականացնել Մոսկվայի ուղղությամբ՝ Երևանով, սակայն դա ժամանակավոր որոշում է, որը կապված է Ամանորի տոների հետ։ Մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք ապագայում նման չվերթեր իրականացվելու են, թե ոչ», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է բոլոր սահաններն ու դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, Georgian airways ընկերությունը կառավարության աջակցությամբ հատուկ չվերթեր է իրականացրել՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։

Ավելի ուշ Վրաստանի իշխանությունը որոշել է վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը որոշ երկրների հետ, հիմնականում՝ եվրոպական։ Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումը գործելու է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։ Այդ ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացվելու է ըստ երկրում ու աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի։

Այդ պահին Վրաստանը փակ է ռուսաստանցիների համար։ Ռուսաստանից Վրաստան հասնելու համար պետք է լինել Վրաստանի քաղաքացի, ունենալ կացության թույլտվություն կամ լինել Վրաստանի քաղաքացու ամուսին, տեղեկացնում է Sputnik Armenia։