ՆԻԿՈԼԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՏԵՑ. ԴԱ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԶԱՐՄԱՑՆՈ՞ՒՄ Է
Երբեմն թվում է՝ դե, վե՛րջ, արդեն հատակն է, ավելի ցած գլորվել անհնար է։ Բայց պարզվում է՝ չկա հատակ այս վարչապետի պարագայում, չկա հատակ այս իշխանության համար։ Մանր ստախոս, մանր գող. նա հիշեցնում է Իլֆի ու Պետրովի վեպի հերոսին, որը քիչումիչ գողություն էր անում իր ղեկավարած անկելանոցի պացիենտներից…
Այս անգամ մեր վարչապետին քիթումռութով ցեխը թաթախեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է նրա մեկնաբանությունը Նիկոլի՝ մեր ընդհանուր խայտառակության «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի վերաբերյալ։ Հոդված, որտեղ մեր խայտառակությունը փորձում է հիմնավորել, թե կարգավորման վերաբերյալ ռուսաստանյան առաջարկները 2011-ից սկսած հանգել են միայն յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու թեմային և չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Եվ իբր, ինքը՝ Նիկոլը, փորձել է ինչ-որ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվել։ Եւ պետք էր կա՛մ հանձնել շրջանները առանց որևէ փոխհատուցման, կա՛մ պատերազմել…
Իհարկե, բազմիցս ասել ենք, որ Նիկոլը ստում է, բայց քանի որ դժվար է չափել հատակի խորությունը, ապա սիրտդ կասկած է սողոսկում. գուցե մենք իսկապես տեղյակ չե՞նք բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Բայց ահավասիկ Իգոր Պոպովը հաստատում է. մեր վարչապետը պարզապես մանր ստախոս է։ Ռուս դիվանագետը գրում է, որ Ռուսաստանի առաջարկությունների վերջին տարբերակը, որը շատ առումներով համընկնում էր 2011-ի կազանյան փաստաթղթի հետ, կողմերին փոխանցվել է 2019-ի հունիսին: Եվ այդ ծրագիրը նախատեսում էր, այո, Ադրբեջանին հանձնել 7 շրջանները երկու փուլով՝ «5+2» բանաձևով…
Բայց, ինչպես նշում Է Պոպովը, առաջին փուլում, 5 շրջանների հանձնմանը զուգահեռ նախատեսվում էին հետևյալ տարրերը. Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունում... Այսինքն դե ֆակտո Արցախը ստանում էր եթե ոչ անկախություն, ապա միջազգային մակարդակով ճանաչված միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքներով։
Երկրորդ փուլով, ինչպես նշում է Պոպովը, նախատեսվում էր արդեն կապակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Ինչպիսի՞ն կարող էր լինել այդ կարգավիճակը։ Պոպովը մեջբերում է բանակցությունների սեղանին դրված ռուսական առաջարկը, որին համամիտ էին Մինսկի խմբի նաև մյուս համանախագահները: «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման ճանապարհով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավաբանորեն պարտադիր բնույթ կունենա՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ կողմերը կհարգեն քվեարկության ցանկացած արդյունք»։ Ավելի հստակ, հավանաբար, դժվար է ձևակերպել։ Պոպովը հավելում է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում…
Առարկելով Նիկոլի այն դրույթին, թե, իբր՝ ողջ բանակցային գործընթացը մեր ձախողումն էր և հանգում էր բացառապես տարածքները հանձնելու պահանջին, Պոպովը հավելում է, որ թեև այդ առաջարկներին կողմերի լիակատար համաձայնությանը հասնել չէր հաջողվում, բայց այդ առաջարկների շուրջ բանակցություններն ընթանում էին պարբերաբար, ընդհուպ մինչև… 2018 թվականը, «երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։
Այսպես դիվանագիտորեն է արտահայտվում Իգոր Պոպովը։ Իսկ մենք կասենք ավելի առճակատ. մինչև որ Հայաստանում իշխանության եկավ մի շիզոֆրենիկ՝ ուսապարկերի ու շշերի իր թիմով, և ամեն ինչ ապականեց... Եվ ներկայացված առաջարկների փոխարեն մենք այժմ ստորագրվում ենք Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միավորման մասին թուրքական երազանքի տակ։
«Իմ քայլը» մտադիր չէ հեռանալ. «Իմ քայլը» մտադիր է վերջնականապես ոչնչացնել հայոց պետականությունը։