Ժամկետային զինծառայողի ծնող․ Բավարարված չենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ժամկետային զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց։ Հիշեցնենք՝ ծնողները պահանջում են, որ Արցախում պարտադիր զինվորական ծառայություն անցնող իրենց զավակները Հայաստան վերադարձվեն և այստեղ շարունակեն ծառայությունը։

 



Վարչապետը համաձայնել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ, լսել նրանց բողոքն ու պահանջը։

«Նախ պետք է արձանագրենք, որ վարչապետը գնաց ընդառաջ և հանդիպեց մեզ հետ՝ կարևորելով հարցի լրջությունը և ցանկություն հայտնելով լսել մեր բարձրաձայնած խնդիրները։ Այնպես չէ, որ այդ խնդիրների մասին իրենք տեղյակ չեն, պարզապես նաև ուզում էր լսել մեր դիրքորոշումները»,- նշում է զինծառայողներից մեկի ծնող Սուրեն Ջուլհակյանը։

Ընդգծում է՝ հանդիպման արդյունքներով բավարարված չեն, որովհետև իրենց կողմից բարձրաձայնված հարցերի պատասխանները դեռ չկան։

Նրա խոսքով՝ համաձայնության են եկել ևս մեկ անգամ հանդիպելու առաջիկայում՝ ծնողների բարձրաձայնած հարցերի պատասխանները ստանալու համար։

Ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո, տեղեկացնում է Sputnik Armenia։