Արցախում կրկին կգործի արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը

Արցախում կրկին կգործի արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու հայրենիքի հավերժականության առհավատչյա...»,– Facebook-ի իր էջում գրել է նախագահը։

Նրա խոսքով`չնայած նրան, որ հետպատերազմական շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել, սակայն կրթության և հատկապես առողջապահության ոլորտներում նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia: