Թուրքագետ․ Հայաստանի կապիտուլիացիան բացասական է ազդում սփյուռքի վրա
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայաստանի կապիտուլիացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական սփյուռքի վրա։ Անկախ բնակության երկրից՝ հայկական համայնքները զգալիորեն թուլանալու են, իսկ որոշ երկրներում (օր.՝ Ռուսաստան, Արլ. Եվրոպա, Մերձավոր Արևելք) պարբերաբար ենթարկվելու են ճնշումների, տեղեկացնում է Panorama.am-ը։
Սփյուռքում շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ՝ հայկական պետականության գոյությունը նկատելիորեն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա։
Որոշեցի այս մասին հիշեցնել, քանի որ տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում։ Մասնավորապես, հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ, որոնց վրա գրված է «Տանը տեղ չկա» (տե՛ս կից նկարում)։ Գերմանական ոստիկանությունը դեռևս չի կարողանում գտնել հանցագործներին։
Սա լավ առիթ է հիշեցնելու, որ քանի դեռ Հայաստանի թուլամորթ իշխանությունները զիջում են ամեն հարցում և «տենչում խաղաղություն», Սփյուռքը ևս ապահով չի լինելու։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»։