Դատարանը Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արտահայտությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է հերքել 2018թ. հուլիսին a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արած իր արտահայտությունները։ Այս մասին News.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Վճիռը կայացվել է հունվարի 14-ին դատավոր Տաթևիկ Ստեփանյանի կողմից։

«Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»,- ասված է դատարանի վճռում։

Բացի այդ, դատարանը վճռել է նաև Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանը Յուրի Խաչատուրովի հայցը մնացած մասով որոշել է մերժել։