«ՆՈՐԱՑՄԱՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուղիղ երկու ամիս է անցել այն օրից, երբ հայոց կառավարության ղեկավարի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձնավորությունը հրապարակեց մի ինչ-որ բան՝ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման, կայունության ու անվտանգության հաստատման «ճանապարհային քարտեզ» հավակնոտ անվանումով։

Փաշինյանի հերթական «հիմնարար աշխատությունը» բաղկացած էր 15 կետից և ավելի շուտ հիշեցնում էր փոշեկուլի օգտագործման հրահանգաթերթիկ, քան երկրի հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագիր։ Ինչևէ, նախանշված էր գերակա խնդիրների ցանկը, որոնց լուծման մասին Փաշինյանը խոստացավ հաշվետվություն ներկայացնել 6 ամիս անց։ Իսկ ծրագրի իրականացման համար որոշեց փոխել կառավարության կազմը։ Դե, ասել է թե՝ «նոր ծրագիր - նոր մարդիկ»։

Նշենք, որ հունվարի 18-ի դրությամբ կառավարության կազմի գերակշիռ մասը նորացվել է։ Ճիշտ է, դժվար թե կարելի է ասել՝ բարելավվել։ 12 նախարարներից 7-ը նորանշանակ են։ Դրանք այն նորեկներն են, որոնք էլ, ըստ էության, պետք է իրականացնեն իրենց ղեկավարի նախանշած քայլերը։ Սկսենք, թերևս, կադրային վերջին որոշումից. Արսեն Թորոսյանը զիջեց առողջապահության նախարարի աթոռը Անահիտ Ավանեսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Թորոսյանի տեղակալի պաշտոնը։ Հիմա չենք խոսի այն մասին, որ նոր նախարարի կրթությունն ամենևին էլ բժշկական չէ (ավարտել է ԵՊՀ-ն), որ իր աշխատանքային կարիերայում (մինչ 2018-ին փոխնախարար նշանակվելը) գրեթե չի առնչվել առողջապահության ոլորտին։ Աշխատել է հիմնականում իրավաբանության բնագավառում։

Առայժմ ուշադրություն դարձնենք լոկ այն հանգամանքին, որ, նախ՝ 2018 թվականից Ավանեսյանը մասամբ (փոխնախարարի գործառույթների շրջանակում) պատասխանատու է եղել առողջապահության ոլորտի համար, և հայկական բժշկության մեջ տիրող ներկայիս վիճակն ի թիվս այլոց նաև իր գործունեության արգասիքն է։ Եվ այստեղ վերադառնանք Փաշինյանի «հրահանգաթերթիկին», համաձայն որի՝ այդ կնոջ ուսերին է դրվում 9-րդ կետը. «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում»։ Ողջ աշխարհը դեռևս չի կարողացել հաղթահարել համավարակը, չենք խոսում արդեն դրա հետևանքների մասին։ Իսկ մենք, փաստորեն, կորոնավիրուսի դեմ պայքարում ապավինում ենք թորոսյանական թիմի ոմն տիկնոջ, որն այդ պայքարում բացարձակ ձախողում է արձանագրել։ Հիշեցնեմ, որ կադրային նոր որոշումները բխում են հետպատերազմյան ճգնաժամային շրջանում երկրի վերականգնման փաշինյանական նոր հայեցակարգից։ Մարդկային նորմալ տրամաբանությունից ելնելով՝ խոսքը պետք է վերաբերեր կառավարության կազմի ուժեղացմանը՝ փորձառու մասնագետների հաշվին։ Բայց

Նոր նախարարների շարքում չի կարելի առանձնահատուկ չնշել Վահան Քերոբյանին՝ էկոնոմիկայի նախարարին։ Այս նոր կադրի մասնագիտական որակավորման, փորձի մասին շատ է խոսվել։ Նա աչքի է ընկել նաև հայկական տնտեսության զարգացման հեռանկարների իր տեսլականով՝ թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական վեկտորի շեշտադրմամբ։ Սակայն Փաշինյանի «հրահանգաթերթիկի» համատեքստում նախարարը ճամփան ուղղել է դեպի միանգամայն այլ «չոլեր»։ Փաշինյանի «ճանապարհային քարտեզի» 10-րդ կետն ասում է. տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում։ Ուղիղն ասենք, եթե անգամ հնարավոր է ակտիվությանն աջակցելու նշաններ նկատել նախարարի գործունեության մեջ,ապա միայն թուրքական կապիտալի ակտիվացման և մեր շուկա թուրք-ադրբեջանական տանդեմի ներթափանցման ոլորտում։ Իսկ բացի այդ, Քերոբյանի ուղեղում գաղափարներ են դեգերում հավի մսի արտադրության ոլորտում նորարարությունների վերաբերյալ: Մի խոսքով, շա՜տ արդյունավետ նախարար է, իսկը հակաճգնաժամային մենեջե՛ր։

Իսկ նոր արտգործնախարարի առջեվ Փաշինյանը դրել է նրա համար արդեն բացարձակ անհաղթահարելի խնդիր. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»։ Ի դեպ, սա տխրահռչակ «ճանապարհային քարտեզի» առաջին կետն է։ Այստեղ նշենք, որ ինքը՝ Փաշինյանը, Մոսկվայում հանդիպելով Ալիևի հետ, ծպտուն անգամ չհանեց Արցախի կարգավիճակի մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ի՞նչ կարելի է պահանջել ԱԳ նախարարից։

Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նոյեմբերի 18-ին նախանշված 15 կարևոր խնդիրներից գործնականում ոչ մեկի առումով այսօր հնարավոր չէ արձանագրել գոնե նվազագույն առաջխաղացում։ Եթե ընթերցողը կասկածներ ունի ասվածի վերաբերյալ, ապա կարող է կրկին ծանոթանալ ցանկին ու նայել, թե ինչ է արվել այս ընթացքում: Օրինակ, հաստատվա՞ծ է արդյոք զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը և տրվա՞ծ է դրա մեկնարկը։ Միգուցե ձևավորվա՞ծ է պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգը։ Իսկ գուցե ապահովվա՞ծ է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձը: Հարցերն այս, բնականաբար, հռետորական են, բայց եթե կան ցանկացողներ, թող հետաքրքրվեն։ Իսկ դրա հետ մեկտեղ՝ կարելի է հարց տալ, թե որքանո՞վ է ընդունակ կոսմետիկ նորացված կառավարությունը լուծել այդօրինակ խնդիրները։ Չէ՞ որ նորացման բուն գործընթացը ձեռնարկվել է հենց այդ նպատակով։

Իհարկե, աբսուրդ է, որ նոյեմբերի 10-ից հետո այս իշխանությունը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին։ Բայց այնուամենայնիվ հերթական անգամ արձանագրենք. մնալով իր տեղում՝ նա պարզապես զրկում է երկրին ապաքինվելու նույնիսկ լոկ հնարավորությունից, իսկ նշյալ 15 կետերով ծրագրի հետ կապված պատմությունը և կառավարության նորացման տրամաբանությունը դրա լրացուցիչ հաստատումն են

Основная тема:
Теги: