ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՆՀՊՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՄԲ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐ

Արդշինբանկը գործարկել է նոր սերնդի բանկոմատներ՝ անհպում (contactless) ընթերցմամբ։ Բանկի արդեն թվով 44 բանկոմատները նոր են և համալրված բանկային քարտ կարդացող անհպում մոդուլով:

Անհպում բանկոմատներից օգտվելն արագ է եվ հարմար։ Մոտեցնելով վճարային քարտը համապատասխան հատվածին, բանկոմատն ընթերցում է քարտի տվյալները և հաճախորդը կարող է պարզապես հավաքել PIN կոդն ու կատարել գործարքներ:

Արդշինբանկի գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանի խոսքերով առաջին հայացքից սովորական բանկոմատի և անհպում տեխնոլոգիայով բանկոմատի միջև տարբերությունը քիչ է։ Այնուամենայնիվ, այն կա։ Անհպում տեխնոլոգիայով բանկոմատից օգտվելիս քարտը մնում է հաճախորդի ձեռքում, ինչը նվազեցնում է քարտը բանկոմատում մոռանալու կամ տեխնիկական խափանումների դեպքում բանկոմատի կողմից քարտն առգրավվելու ռիսկերը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինն էական փոփոխություններ մտցրեց մեր ամենօրյա կյանքում, որի ընթացքում ցանկալի է նվազագույնի հասցնել շփումը տարբեր մակերեսների հետ: Նոր սերնդի բանկոմատները ևս մեկ կարևոր քայլ են անհպում բանկային տեխնոլոգիաների ներդրման գործում: Եթե հաճախորդի քարտն օժտված չէ անհպում տեխնոլոգիայով, ապա բանկոմատից հնարավոր է օգտվել նաև ավանդական եղանակով՝ քարտը մտցնելով բանկոմատի մեջ: Բոլոր անհպում նոր բանկոմատներն առանց սահմանափակման ունեն նաև այդ հնարավորությունը»,- ասաց Հարություն Իսպիրյանը՝ նշելով, որ նոր բանկոմատների տեղադրումն իրականացվում է ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում, որտեղ գործում են Արդշինբանկի մասնաճյուղերը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի արդյունքներով Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 138 բանկոմատ, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги: