ԱՆՆԱՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ. ԱՆՆԱՆ ԿԱՐՈՂ Է ԶՎԱՐՃԱՆԱԼ

Ուղիղ մեկ շաբաթ առաջ բազմաթիվ տելեգրամ-ալիքներ, ԶԼՄ-ներ և սոցցանցեր տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Աննա Հակոբյանը դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Ընդ որում հնչում էին այցի պատճառների ամենատարբեր վարկածներ. Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, բնակարան ձեռք բերել, Ռուբլյովկայում Ալիևի դստեր առանձնատան փոխանցում (կամ վաճառք) Փաշինյանի ընտանիքին, գաղտնի հանդիպում ադրբեջանական համարանիշով ավտոմեքենայով եկած ինչ-որ անծանոթուհու հետ... Ներկայացվում էին նաև մոր ու դուստրերի մոսկովյան ժամանցի մանրամասները՝ Մոսկվայի ամենաճոխ ու թանկարժեք ռեստորանների և առևտրի կենտրոնների հիշատակումով, այդ թվում՝ Հին Նոր տարին նշելու նպատակով:

Այնուհետ հաղորդագրություններ հայտնվեցին, որ հարազատներին միացել է նաև Փաշինյանի որդին՝ Աշոտիկը: Այդ ամենը ուղեկցվում էր կասկածելի որակի (ինչը, թեպետ, հասկանալի է) լուսանկարների և տեսանյութերի հրապարակմամբ։ Տելեգրամ-ալիքները գրում էին, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվայի հայերն այդ ընտանիքի անդամներին դիմավորել են «դավաճաններ», «հող հանձնողներ» և այլ վիրավորական վանկարկումներով: Տեղեկատվության ողջ այդ հեղեղի մեջ ամենից հավաստին մնում էր Հակոբյանի և դուստրերի Մոսկվա կատարած այցի բուն փաստը: Մնացած ամենը առանձնակի վստահություն չէր ներշնչում. իսկապես, ինչո՞ւ գնալ Մոսկվա՝ քաղաքացիություն ձևակերպելու համար, եթե դա կարելի է անել նաև Երևանում դեսպանատան միջոցով, տուն գնելու վարկածը նույնպես բավական կասկածելի էր թվում։

Իշխանական աղբյուրները ոչ մի կերպ չէին մեկնաբանում այդ հաղորդագրությունները։ Եվ ահա, վերջապես, հարցի մեջ հստակություն մտցրեց ընտանիքի ամենամտերիմ մարդը՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, որը «պատահմամբ» ԱԺ պատգամավոր է դարձել իր փեսայի իշխանության գալուց հետո։ Սույն սուբյեկտը փաստացի հաստատեց այն, ինչը, ըստ էության, հստակ ուրվագծվում էր տեղեկատվական, ավելի շուտ՝ ապատեղեկատվական այդ հոսքի մեջ. այդ երեքը մեկնել էին Մոսկվա՝ պարզապես զվարճանալու։

Այսպես, ըստ Փաստինֆոյի հաղորդագրության, Հրաչյա Հակոբյանը նախ հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչապետի որդին մոր ու քույրերի հետ մեկնել է Մոսկվա, ասելով, թե զանգահարել է Աշոտիկին՝ ստուգելու, թե որտեղ է նա, իսկ Աշոտիկն ասել է, որ տանն է: Այնուհետ նա հերքեց տեղեկությունները քաղաքացիություն ստանալու և Մոսկվայում տուն գնելու մտադրության մասին, հայտարարելով, թե «կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէ, որ պետք է հասներ Մոսկվա»:

Այդուհանդերձ Փաշինյանի աներձագը չբացատրեց ո՛չ այցի նպատակը, ո՛չ էլ այն տարօրինակ փաստը, որ Աննան ու դուստրերը կարողացել են մեկնել Մոսկվա, թեև կորոնավիրուսի համավարակի պատճառով մուտքը Ռուսաստան արգելված է: Ինչպես նաև, թե ինչ միջոցներով է իրականացվել ուղևորությունը, արդյոք այն ֆինանսավորվել է պետբյուջեից:

Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի իրավունք, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ մասնավոր այցեր կատարելու։ Աննա Հակոբյանը նույնպես լիակատար իրավունք ունի տանել իր դուստրերին ու ցույց տալ Ռուսաստանի մայրաքաղաքը, այցելել ռեստորաններ, բուտիկներ և նույնիսկ ձեռք բերել նորաձև քրջեր։ Այստեղ քրեական ոչինչ չէր լինի, եթե... Եթե այդ այցը տեղի ունենար ոչ թե հիմա, այլ, ասենք, մեկ տարի առաջ։ Քանի որ հիմա արդեն ամանորյա ուղևորությունը՝ շքեղ հյուրանոցում իջևանելով և ամենաթանկ ռեստորաններ ու խանութներ այցելելով, ոչ միայն պարզապես արտառոց է, այլև վիրավորական ու քամահրալից այն վիճակի նկատմամբ, որում գտնվում է երկիրն ու նրա հարյուր հազարավոր քաղաքացիներ:

Մեկնել Մոսկվա՝ Հայրենիքի (մեր Հայրենիքի) զգալի մասի կորստից, 5 հազար հայ մարտիկների զոհվելուց, Հայաստանի համար ավերիչ ու կործանարար բոլոր այն հետևանքներից ընդամենը երկուսուկես ամիս անց, որ բերեցին պատերազմն ու Աննայի ամուսնու և Մարիամի ու Շուշանի հոր դավաճանությունը, դա ամենածայրահեղ աստիճանի ցինիզմ է։ Դա բացահայտ մարտահրավեր է հասարակական կարծիքին, այն փաստի հրապարակային, միտումնավոր ցուցադրում, որ այդ երեք կանայք թքած ունեն Արցախի և Հայաստանի ողբերգության վրա, որ նրանք ունեն և՛ տոնական տրամադրություն, և՛ վճռականություն՝ շարունակելու իրենց ցոփ ու շվայտ կյանքը՝ անկախ ամեն ինչից։

Անկախ նրանից, որ այդ ընտանիքի հոր կողմից, եթե կարելի է այսպես ասել՝ ղեկավարվող երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խորագույն դեպրեսիայի մեջ է և դժվարությամբ է իր մեջ ուժ գտնում ապրելու համար. հենց այդ «ընտանիքի հոր» մեղքով։ Անկախ նրանից, որ առ այսօր Եռաբլուրում շարունակում են գերեզմաններ փորել ու հողին հանձնել 18-ամյա տղաներին, որոնք զոհվեցին բացի ամենից նաև այդ «ընտանիքի հոր» մեղքով, իսկ հարյուրավոր այլ ընտանիքներ դեռ սպասում են գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած իրենց զավակներին…

Անիմաստ է որեվէ բան բացատրել իրեն՝ Հակոբյանին ու իր ավագ դստերը, որը սոցցանցերում վաղուց հայտնի է դարձել իր լկտիությամբ, ինքնասիրահարվածությամբ ու բարոյական որևէ արգելակների բացակայությամբ։ Ակնհայտ է, որ 14-ամյա Շուշանին էլ հաստատ տանում են մոր ու ավագ քրոջ արատավոր ճանապարհով, որոնց համար կյանքում գլխավորը հենց իրենք են ՝ սեփական սիրելի անձը, իրենց բարեկեցությունը, իրենց նորաձև քրջերն ու շքեղ մեքենաները, թանկարժեք ուղևորություններն ու հյուրանոցները և ճոխ կյանքը պետբյուջեի հաշվին։ Ինչպես նաև՝ այս ամենի միտումնավոր-կանխամտածված ցուցադրումը. և ոչ միայն պարծենալու ու սեփական բարեկեցությունը, իսկ իրականում՝ ողորմելիությունը, ժլատությունն ու գավառամտությունը ի ցույց դնելու նպատակով։ Ոչ, այստեղ ակնհայտ է նաև ավելի խորքային, հայեցակարգային նպատակը. սեփական օրինակով վերածել Հայաստանի քաղաքացիներին Հայրենիքից, ազգային արժեքներից, ամոթից ու խղճից զուրկ ճիշտ նույնպիսի մանկուրտների, ինչպիսին փաշինյանական ընտանիքն է և ինչով ակնհայտորեն պարծենում է։

Ի դեպ, այն հարցը, թե ինչպես են նրանք մեկնել Մոսկվա համավարակի պայմաններում, մնում է անպատասխան։ Ինչպեսև այն, թե ինչ միջոցներ էին շռայլում Հակոբյանն ու դուստրերը աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում։

Եվ վերջինը։ Հենց այն օրերին, երբ Փաշինյանի ընտանիքի երեք կանայք Մոսկվայում անհոգ տոնում էին Հին Նոր տարին, ասես ինչ-որ բարեկեցիկ ու բարգավաճ պետության ներկայացուցիչներ, Ալիև ամուսինները դստեր հետ թեյ էին խմում բռնազավթված հայկական Շուշիում։ Աննա Հակոբյանի դերն այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում, դեռ պետք է պարզել։ Դատելով այն ամենից, ինչ արդեն հայտնի է, «բունկերի ագռավը», ինչպես անվանել են Փաշինյանի կնոջը սոցցանցերում, անշուշտ նստելու է մեղադրյալի աթոռին՝ ամուսնու կողքին, այդ թվում նաև Ալիևների Շուշի կատարած այդ այցի համար, ուր դեռ մի քանի տարի առաջ նա ջերմագին հրավիրում էր Մեհրիբանին՝ մուղամ լսելու…

Հիմա, երբ Շուշիում հնչող մուղամի մասին Աննայի երազանքը իրականություն է դարձել, նա, հավանաբար, հանգիստ սրտով ու կատարած պարտքի զգացումով մեկնեց Մոսկվա՝ ամանորյա արձակուրդի։ Կարելի էր, իհարկե, փիլիսոփայորեն ամփոփել. մավրն արեց իր գործը. մավրը կարող է... հանգստանալ։ Բայց մենք կավարտենք հոդվածն ավելի տրամաբանական ու լավատեսական եզրակացությամբ. զվարճացի՛ր, Աննա, զվարճացիր, քանի դեռ բանտախցում չես։