Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՅՍ ՕՐԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵԼ ՄԻԱՅՆ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» և «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները:

Այդ երկու ծավալուն բանաձեվերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։

Մի շարք հանգուցային դիտարկումներ.

1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչև վարձկանների հավաքագրում։

2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։

4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։

5. Խիստ կարևորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։

Հիմնական հետևությունները.

1 Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մպալ տարածաշրջանային հետագա զարգացումներից։

2 Այս համատեքստում բանալիներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախի կարգավիճակի հարցը։

3 Թուրքիայի նկատմամբ ԵՄ ընդհանուր լարվածությունը թույլ է տվել այդ երկրի մասով արտահայտվել առավել խիստ ձևակերպումներով նաև Արցախյան համատեքստում։

4 Բուն պատերազմի մասով Ադրբեջանին ուղղակի մեղադրանքներ չկան, արվում են ընդհանուր կոչեր և գնահատականներ՝ ուղղված երկու կողմերին։

5 Ռուսաստանի դեմ արտահայտված խանդի մեծ և ուղղակի տեսարաններ այս պահին բացակայում են։

6 Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման և մեղավորներին պատժելու համար։ Սա կարող է սպառնալոք դառնալ ապագայում Ալիևի գլխին։

7 Հայաստանը պարտավոր է, պահպանելով Ռուսաստանի հետ անկյունաքարային համագործակցությունը, ԵՄ-ի հետ այս հարցերով կառուցել բացառապես շահերի համադրման քաղաքականություն և չներքաշվել ՌԴ-ի դեմ հնարավոր հակադրության թակարդը։

Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ