ԼՀԿ–ն չի մասնակցի Ջհանգիրյանի և Խաչատուրյանի քվեարկությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամի հարցով քվեարկությանը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը` պարզաբանելով, թե ինչու ԲԴԽ անդամների թեկնածության քննարկման ժամանակ լքեցին ԱԺ դահլիճը։

«Դատաիրավական բարեփոխումների հարցում ընդդիմության դերն անտեսվել է. ԲԴԽ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուների մի քանի փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից։ Առանց ընդդիմության հետ քննարկումների` այսօր էլ ԲԴԽ անդամների թեկնածություն են առաջադրել»,–ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ մասնագիտական տեսանկյունից ներկայացված թեկնածուներից որևէ մեկի հետ խնդիր չունեն` երկուսն էլ պրոֆեսիոնալներ են։ Սակայն, ըստ Սիմոնյանի, որոշումը քաղաքական է, տեղեկացնում է Sputnik Armenia։