«ՆԻԿՈԼԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, չորս գումարումների ԱԺ պատգամավոր Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց. «Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հանցագործությունները կատարել է Ալիև-Փաշինյան տանդեմը»։
-Փետրվարի 1-ից 12-ը Հայաստանի պետական սահմանից 135 կմ հեռավորության վրա, Կարսի տարածքում տեղի են ունենալու թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններ՝ նորագույն ռազմատեխնիկայի օգտագործմամբ և Պակիստանի մասնակցությամբ: Հայտնի է, որ լայնածավալ համատեղ զորավարժություններ նախորդեցին սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսված ագրեսիային: Մտավախություններ չունե՞ք, որ այս զորավարժությունների հետևանք կարող է դառնալ ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, չնայած այն հանգամանքին, որ խոսքը ռուսական ռազմաբազայի, և ՀԱՊԿ-ի պաշտպանության ներքո գտնվող սահմանների մասին է։
-Իրադրությունն իսկապես հիշեցնում է սեպտեմբերի 27-ից առաջ ստեղծված վիճակը։ Շուտով կսկսվեն հարձակողական սցենարով համատեղ զորավարժությունները՝ նորագույն սպառազինության կիրառմամբ, միայն թե կցանկանայի նշել, որ համանման «վարժանքներ» արդեն անցկացվում են Հայաստանի ներսում՝ խորհրդարանի և կառավարության միջոցով, Փաշինյանի հովանու ներքո և նրա անմիջական մասնակցությամբ։
-Ակնարկում եք գործադիր և օրենսդիր իշխանության մեջ խրամատավորված թուրք-սորոսական 5-րդ շարասյան մասի՞ն:
-Այդպիսին է իրականությունը, և այն դրսևորվեց Կրեմլում եռակողմ հանդիպման ժամանակ, որի արդյունքներով երկու կողմերը ստացան այն, ինչ ցանկանում էին, իսկ Հայաստանի վարչապետը չկարողացավ իրականացնել ռազմագերիների վերադարձման իր գլխավոր խնդիրը: Ալիևը չհամաձայնեց հանձնել նրանց։ Եթե հաղորդակցության ապաշրջափակումը կարելի է հետաձգել 2-3 ամսով, ապա գերիների վերադարձի հարցի լուծումը հետաձգել չի կարելի. գերության մեջ ամեն օրը ձգվում է մի ողջ կյանքի չափ։ Հայտնի է, թե ինչպես են վարվում հայերի հետ ադրբեջանական գերության մեջ... Չլուծելով գլխավոր խնդիրը՝ Հայաստանի վարչապետը նույն սեղանի շուրջ ճաշելու նստեց Ալիևի հետ, որին մինչ այդ հանձնել էր 2 մարդասպան հանցագործներին։ Դրանից հետո ակներև դարձավ, որ ավելի քան 5 հազար զոհերը, ավելի քան 10 հազար վիրավորները, որոնց մի մասը հաշմանդամ է դարձել, և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված այլ հանցագործությունները կատարել է Ալիև-Փաշինյան տանդեմը. Այդ պարոնայք գործել են և շարունակում են գործել համատեղ։
«Ակներև են պետական շահերի դավաճանության բոլոր նշանները»
-«Հայրենիքի փրկության շարժմանը» ամեն կողմից քննադատում են, որ Փաշինյանի կատարած հանցագործությունների ծավալուն ապացուցողական բազայի առկայությամբ հանդերձ՝ չի կարողանում ստիպել նրան հրաժարական տալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Իրականում շարժման ջանքերը մեզ հանգեցրին ամփոփիչ եզրակացության, որ Փաշինյանը ոչ մի պարագայում չի հրաժարվի իշխանությունից։ Երկրում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. վարչապետի հրաժարականն են պահանջում երկու Կաթողիկոսները, հանրապետության նախագահը, ԳԱԱ նախագահությունը, բուհերի գերակշիռ մասը, գործնականում ողջ մտավորականությունը, Սփյուռքի կազմակերպությունները, ինչպես նաև նրանք, ովքեր ժամանակին սատարել են Փաշինյանին։ Չնայած դրան, հայկական կողմի պարտությունը շարունակվում է նաև նոյեմբերի 9-ից հետո։ Եթե մինչ այդ օրը գլխատվեց Արցախի Հանրապետություն դե ֆակտո կայացած պետությունը, ապա այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են Փաշինյան-Ալիև տանդեմի լուռ համաձայնությամբ GPS-ով գծում Սյունիքի սահմանները։ Ադրբեջանցիները գալիս են Շուռնուխի բնակիչների մոտ ու պահանջում, որ նրանք լքեն իրենց տները միայն այն պատճառով, որ ըստ իրենց համակարգի՝ դա արդեն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանցիները հայերին ասում են, որ այդպես են համարում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Վերջերս մի գեներալ ինձ պատմեց, որ Փաշինյանը պատերազմի ժամանակ իր կնոջն ապահովել է ոչ միայն բունկեր մտնելու, այլև ռազմական գործողությունները ղեկավարելու հնարավորությամբ։ Վերջինս իրավունք ուներ արգելել ռազմական գործողությունները Ջաբրայիլի և Ֆիզուլիի մերձակայքում…
-Օրերս հայտնի դարձավ նաև, որ պատերազմի բոլոր 44 օրերին բունկերից դուրս չի եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը, ինչպես պարզվեց, մինչև 2007 թվականը եղել է թուրքական հետախուզության գործակալ, իսկ մերկացումից հետո՝ դարձել կրկնակի գործակալ։ Ականատեսներն ասում են, որ բունկերում նա անընդհատ ուսումնասիրել է ռազմական քարտեզները։ Բանակում նույնիսկ չծառայած մարդու ինչի՞ն են պետք ռազմական քարտեզները:
-Շուտով պատերազմի մասին ողջ ճշմարտությունը մակերես դուրս կգա։ Դատելով գեներալ Մովսես Հակոբյանի և ԱԱԾ ղեկավարի նախկին պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի ելույթներից՝ ակներև են պետական շահերի դավաճանության բոլոր նշանները։
«Մարդիկ հանդիպումների ժամանակ նույն բանն են ասում…»
-Հայ ժողովրդի դեմ հանցագործությունը շարունակվում է, չնայած այն բանին, որ իրավաբան-գիտնականները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրել են հաղորդում, որը նրան պարտավորեցնում է անհապաղ ձերբակալել Փաշինյանին։ Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի անում այն, ինչ պարտավոր է անել օրենքով:
-Պետական ինստիտուտները չեն գործում: Ասում ենք «գլխավոր դատախազ», հասկանում ենք «Փաշինյան», ասում ենք «խորհրդարան», հասկանում՝ «Փաշինյան», ասում ենք «կառավարություն», հասկանում՝ «Փաշինյան»... Պետական կառույցները խամաճիկների դեր են խաղում վարչապետի ձեռքում։ Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», ապա համակարծիք եմ, որ այն կարող էր անել ավելին, քան արել է։ Մարդիկ հանդիպումների ժամանակ նույն բանն են ասում մեզ. «Մի՞թե չեք տեսնում, որ նա ատամներով կառչել է աթոռին, նրան հեռացնե՛լ է պետք»։ Յուրաքանչյուր ոք իր ուրույն իմաստն է դնում այդ պահանջի մեջ։ Իրավիճակն օրըստօրե վատթարանում է, բնավ պատահական չէ, որ Փաշինյանը դուրս է բերել ընտանիքը Հայաստանից, ես տեսնում եմ, թե ինչպես է արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում քաղաք։ Նա ոչ մի բանի առջև կանգ չի առնի, նա պատրաստ է զոհաբերել Հայաստանը, եթե մնա իշխանության ղեկին։ Այդ մարդն իր հետ արյուն է բերում, հիշե՛ք 2008 թվականի մարտի 1-ը։
-Եթե ձեզ հետ հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում են պայքարի կոշտ մեթոդների մասին, ապա նշանակո՞ւմ է արդյոք դա, որ սահմանադրական մեթոդներն իրենց սպառել են։
-Փաշինյանը ցույց տվեց, որ իր համար միակ ընդունելի տարբերակը իշխանության հակասահմանադրական զավթումն է, ինչպես, օրինակ, երբ 50 հոգուց բաղկացած խումբը զավթեց ռազմավարական օբյեկտների թվին դասվող Ռադիոտունը։ Նա կոչ արեց շրջափակել դատարանները, երբ մեկ դատավոր համարձակվեց հակառակվել իր կամքին և փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ չեղարկելով կալանքը…
-Նոյեմբերի 9-ից հետո դատավորները սանկցա չտվեցին Փաշինյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող 4 անձանց ձերբակալության համար. շարժումը, կարծես թե, ամուր աջակցություն ունի զանգվածների մեջ…
-Կարծում եմ, որ դատավորներն իրենց այդ կերպ պահեցին մեծապես շարժման գործունեության շնորհիվ... Փաշինյանն ասում է, թե 7 շրջանները հանձնվել են նախկին իշխանության կողմից։ Հարց. եթե այդպես է, ապա ինչո՞ւ մահվան ուղարկեց ավելի քան 5 հազար մարդու և, ի հավելումն 7 շրջանների՝ հանձնեց Հադրութն ու Շուշին: Նման հարցերն առավել քան շատ են, բայց անիմաստ է տալ դրանք, անիմաստ է խոսել Փաշինյանի հետ՝ օգտագործելով քաղաքական փաստարկավորումը. նա վերջնականապես խճճվել է սեփական արտահայտությունների մեջ։ Փաշինյանն իշխանության եկավ՝ օգտագործելով ժողովրդի դժգոհությունը և շահարկելով նրա հույզերը. 2018-ի գարնան իրադարձությունները ես միշտ էլ անվանել եմ պետական հեղաշրջում։ Այդ օրվանից ի վեր նա իրականացնում է արտաքին ուժերի ծրագիրը, հանդես գալով որպես նրանց ազդեցության գործակալ։ Նա մշտապես հասկացնել է տալիս մեզ, որ անհնար է իշխանազրկել իրեն։ Նրա շահերն են պաշտպանում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊՆ-ն, մեզ շարունակ հարցնում են. «Մի՞թե չեք տեսնում, որ նա հոժարակամ չի հեռանա»։
-Ի՞նչ եք պատասխանում:
-Փաշինյանը միշտ էլ խաղացել է հակասահմանադրական կանոններով, ընդդիմությունը չի ցանկանում գնալ իր ճանապարհով: Թե որքան կձգվի այս իրավիճակը, երբ ժողովուրդն ու ընդդիմությունը գիտակցում են, որ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունն անհնար է, ցույց կտա ժամանակը։ Կարծում եմ՝ երկար սպասելու հարկ չի լինի…