ՄԱԿՈՒՆՑԱՊԱՏՈՒՄ

Փաշինյանը հարվածի տակից դուրս է բերում հավատարիմներին։ Առաջինը հեռացավ պիժոնը. դե, նա, որն ասում էր, թե «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Նրան նոր պաշտոն չտվեցին, և դա հասկանալի է. պատերազմը տանուլ տված նախարար։ Հետո պաշտոնից ազատեցին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին. «դդումին», ինչպես քնքուշ անվանում էին նրան ուսանողները։ «Դդումը» դարձավ վարչապետի խորհրդական։

Հետո հեռացավ առողջապահության լեգենդար նախարար, կորոնավիրուսի ահ ու սարսափ Արսեն Թորոսյանը, որը մերթ հայհարարում էր, թե Covid-19-ը վտանգավոր հիվանդություն չէ, մերթ ասում, որ վտանգավոր հիվանդություն է, մեկ պնդում, թե դիմակ կրել պետք չէ, մերթ՝ որ պետք է: Հիմա դարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ նախապես պատվաստանյութ ընդունելով։ Դա նորմալ է, արժեքավոր կադրերի մասին պետք է հոգ տանել։

Այժմ հերթը Լիլիթ Մակունցինն է, որը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնի ճանապարհին է։ Ասում են, թե նա շատ ծանր ապրումներ է ունեցել 44-օրյա պատերազմի առիթով։ Գրեթե դեպրեսիայի մեջ ընկել: Ախր միամիտ աղջիկն իսկապես կարծում էր, թե որպես իշխող խորհրդարանական խմբակցության առաջնորդ՝ ինքն ինչ-որ բան վճռում է։ Պետք է հանել նրան այդ վիճակից։

Ընդ որում Փաշինյանը հասկանում է, որ ԱՄՆ-ում Մակունցը դեսպան կաշխատի շատ կարճ ժամանակ, քանի որ ինքը՝ Նիկոլը շուտով կհեռանա։ Բայց, նախ՝ պետք է դուրս բերել Մակունցին Հայաստանում լրտեսների բացահայտման ծավալված արշավի հարվածի տակից։ Երկրորդ՝ Վաշինգտոնում Մակունցը կարող է մի քիչ ուշքի գալ։ Եվ երրորդ՝ նա, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենա որևէ աշխատանք գտնել ԱՄՆ-ում ու այլևս չվերադառնալ։

Ինչո՞ւ ենք մանրամասն կանգ առնում Լիլիթ Մակունցի վրա: Որովհետև նա յուրօրինակ խորհրդանիշ է. Փաշինյանի իշխանության այս երկուսուկես տարիները կարելի է անվանել ամբողջ երկրի մակունցապատում։ Քանզի ի՞նչ գիտեինք մենք նրա մասին «հեղափոխությունից» առաջ։ Ոչինչ։

Իսկ այ հեղափոխությունից հետո իմացանք, որ սովորել է ԱՄՆ-ում, ամերիկյան «Խաղաղության կորպուսի» ակտիվիստուհի է և անգլերեն է սովորեցրել Նիկոլ Փաշինյանին։ Ու որ լավ կապեր ունի ամերիկյան դեսպանատանը։ Եվ ահա այդ նվաճումների համար Փաշինյանը նրան նշանակեց մշակույթի նախարար։ Ճիշտ է, նվաճումները թույլ էին. վերցնենք թեկուզ Փաշինյանի անգլերենը... Այդ մասին հարցրեք դպրոցների ուսուցիչներին։

Իսկ մշակույթի նախարարի պաշտոնում Մակունցը մտապահվեց արդեն թևավոր դարձած մեն-միակ արտահայտությամբ։ Քննախույզ լրագրողների այն հարցին, թե ինչ կապ ունի ինքը մշակույթի հետ, Մակունցը հպարտորեն պատասխանում էր, որ մշակույթն իր մեջ է... Ուրիշ ի՞նչ հաջողությունների հասավ Մակունցն այդ պաշտոնում: Փայլուն. քանի որ մշակույթը գիտակցեց, որ իր տեղը Լիլիթ Մակունցի մեջ է, մշակույթի նախարարությունը որպես առանձին պետական ինստիտուտ շատ շուտով լուծարվեց:

Եվ այդժամ Մակունցը, մշակույթից հետո իր մեջ բացահայտելով քաղաքական գործչի հուժկու տաղանդ, տեղափոխվեց իշխող խմբակցության ղեկավարի աթոռին՝ Նիկոլի ուսապարկերի ցուցակով անցնելով խորհրդարան։ Այստեղ նրա հրաշալի նվաճումը ամռանը հնչեցրած արտահայտությունն էր, թե Թուրքիան չի միջամտի Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտությանը... Ավա՜ղ, պարզվեց, որ նրա մեջ նստած վերլուծաբանը մոտավորապես նույն մակարդակի է, ինչ Նիկոլի անգլերենը։ Ասում են, որ Մակունցը իր այդ մտքի պատճառով շատ է տառապում։

Եվ ահա այժմ Մակունցին պատրաստում են առաքելության իրականացմանը Վաշինգտոնում, ըստ երևույթին՝ ելնելով այն մոտեցումից, որ դիվանագիտությունը, ինչպեսև մշակույթը, վաղուց խոր արմատներ է գցել Մակունցի մեջ։ Ընդ որում, հիշեցնենք, Մակունցը գնահատված է ԱՄՆ դեսպանատանը։ Այսինքն, պարզ ասած, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան են նշանակում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի մարդուն։ Դա նորմալ է։

Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ամերիկացիներն ակնհայտորեն մտադիր են ամրապնդել իրենց դիրքերը Երևանում և այդ նկատառումով նրանց ձեռնտու է երկարաձգել Փաշինյանի իշխանությունը։ Խոստանում են, ինչպես միշտ, դրամական ներարկումներ անել ի աջակցություն ժողովրդավարության։ Դե, գուցե ինչ-որ փայ հասնի նաև վախճանվող տնտեսությունը։ Եվ եթե դրամական ներարկումները տեղի ունենան արդեն Մակունցին դեսպան նշանակելուց հետո, ապա դա թույլ կտա թքել-կպցնել նրա ջախջախված հեղինակությունը։ Իսկ եթե Նիկոլին հեռացնեն, Մակունցը թողնի դեսպանի պաշտոնն ու մակունցապատումը Հայաստանում վերջապես ավարտվի. դե ինչ, այդժամ, ինչպես արդեն ասացինք, Մակունցի համար ԱՄՆ-ում որևէ հարմար աշխատանք կգտնեն։ Չէ՞ որ ամերիկացիները գնահատում են, որ նրա մեջ ամուր ու միաժամանակ նստած են և՛ պոլիգլոտը, և՛ Խաղաղության կորպուսի ակտիվիստը, և՛ մշակույթը, և՛ վերլուծաբանը, և՛ դիվանագետը։ Ուրիշ որտեղի՞ց պիտի այդչափ արժեքավոր կադր գտնեն։

Основная тема:
Теги: