Հայաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության»,- նշված է ուղերձում։

Նախարարի խոսքով՝ ԵԽ-ն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Նախարարը հետադարձ հայացք է նետել Հայաստանի անդամակցության երկու տասնամյակներին՝ ամփոփելով դրանք։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի, իսկ 2013 թվականին մեր երկիրը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ «ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը»։

«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում»,- նշվում է ուղերձում։

Նախարար Այվազյանն իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Ուղերձի վերջում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր մենք հասել ենք այս հանգրվանին»,-մասնավորապես նշել է Բուրիչը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև: