ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Դատելով Արցախից ստացվող հաղորդագրություններից, Փաշինյանը պատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական հանձնումը։ Ավելի ճիշտ՝ պատրաստում է Իլհամ Ալիևը, իսկ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այն, ինչ սեղանին իր առջև կդնեն տոնական ճաշի երկրորդ կերակրատեսակի և աղանդերի արանքում։ Եվ ահա հասարակական կարծիքը նախապատրաստելու նպատակով Արայիկ Հարությունյանը, որը կրում է Արցախի նախագահի տիտղոսը և վերջերս մասնակցում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին, հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի պետական տարբեր հաստատությունների ու կառավարական կառույցների կոլեկտիվների հետ և այդ հանդիպումների ընթացքում տարօրինակ ելույթներ ունենում:

Ինչպես գրում են սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերը, նա, մասնավորապես, լույս է սփռել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի իրադարձությունների վրա, որտեղ գերեվարվել են Շիրակի մարզից զորակոչված զինծառայողները: Չէ՞ որ, հավանաբար, շատերի մոտ հարց է առաջացել. եթե այդ զինվորներն առանց մարտերի հայտնվել են այդ գյուղերում, ուրեմն դրանք մեր վերահսկողության տակ էին։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք հետո հայտնվեցին գերության մեջ, չնայած նոյեմբերի 10-ին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության այն կետին, համաձայն որի՝ կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում։

Ըստ կոլեկտիվների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումների ականատեսների պատմածի՝ ամեն ինչ իրականում շատ պարզ է։ Ասել է թե՝ բանն այն է, որ երբ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը քննարկում էին նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, Փաշինյանը ձեռքի տակ քարտեզ չուներ։ Դե, այդպես էր ստացվել։ Իսկ Ալիևը քարտեզ ուներ։ Եվ այդ քարտեզի վրա, որով Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը որոշում էին սահմանազատման գծերը, վերոնշյալ գյուղերն ադրբեջանական վերահսկողության տակ էին։ Միայն այդ պատճառով, այլ բնավ ոչ չար դիտավորությամբ, Արցախը զրկվեց ևս երկու գյուղերից, իսկ 60-ից ավելի հայ զինծառայողներ հայտնվեցին գերության մեջ, քանի որ նրանց Խծաբերդ և Հին Թաղեր ուղարկած հրամանատարները, պետք է ենթադրել, չգիտեին, որ Փաշինյանը քարտեզ չուներ։ Ինչպիսի՜համոզիչ բացատրություն։

Եվ այսպես, Իլհամ Ալիևը փաստաթուղթ է պատրաստում Արցախի կարգավիճակի մասին, որը պետք է ստորագրի Փաշինյանը։ Ճիշտ է, վերջինս խոստացել է, որ եթե նման փաստաթուղթ լինի, ինքն անպայման կխորհրդակցի ժողովրդի հետ։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ ինչ խոստում ասես կարելի է տալ հարբած գլխով։ Իսկ Արայիկ Հարությունյանին, որը նույնպես հանդիպումների ժամանակ երդում-պատառ է ուտում, թե առանց ժողովրդի հետ խորհրդակցելու ոչ մի որոշում չի կայացնի, ամենայն հավանականությամբ, չեն էլ հարցնի։ Չէ՞ որ նույն այդ հանդիպումների ժամանակ Հարությունյանն ասում է, որ Արցախի նախագահական ընտրությունները ձևականություն են. իրականում Երևաննն է որոշում, թե ով է լինելու նախագահ։

Ահա ուրեմն, ըստ փաստաթղթի, որը պատրաստում է Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ այն, ինչ նրանից մնացել է, կունենա որոշակի իրավունքներ։ Մոտավորապես այնպիսի, ինչպիսին ուներ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ԽՍՀՄ-ի օրոք։ Միայն առանց Շուշիի և Հադրութի, իհարկե։

Լեռնային Ղարաբաղը կունենա մշակութային ինքնավարություն. հայերեն լեզվով կրթություն ստանալու և նաև հայերեն գործավարության հնարավորություն։ Ռուսերենի և ադրբեջաներենի հետ մեկտեղ։ Արցախին կթույլատրվի ունենալ ոստիկանություն, դատախազություն և ԱԱԾ։ Իսկ այ զինված ուժեր Արցախի համար Ալիևի ծրագրով նախատեսված չեն։

Փոխարենը կլինի «ռազմական հանցագործներին» հանձնելու պահանջ։ Ալիևը պահանջելու է նաև, որ Ստեփանակերտում բարձրացնեն Ադրբեջանի դրոշը և բացեն Ադրբեջանի նախագահի ներկայացուցչություն։ Գեներալ-նահանգապետի պես մի բան, որը կհաստատի պաշտոններում թեկնածուներին։ Խորհրդարանը պահպանել թույլ կտան, իսկ նախագահի պաշտոնը հարցականի տակ է։

Ըստ երևույթին, Ալիևի պատրաստած այս առաջարկները նկատի ունի Արայիկ Հարությունյանը, երբ կոլեկտիվների հետ հանդիպումների ժամանակ ասում է, որ Արցախը դեռևս դժվարին որոշումներ պետք է կայացնի։ Այսպիսով, Հարությունյանը փաստացի նախապատրաստում է մարդկանց այդ որոշումներին, հասկանալով, իհարկե, որ հետևանքը կլինի արտագաղթի նոր ալիքը Հայաստանից ու Արցախից, իսկ հետևանքը՝ Արցախի վերջը։

Այո, ռուս խաղաղապահները կմնան Արցախում, կապահովեն Լեռնային Ղարաբաղում մնացած արցախցիների անվտանգությունն ու մարդասիրական օգնություն կցուցաբերեն։ Իսկ Արցախի պատմության թանգարանում առանձին վահանակ կտեղադրեն, որի վրա կփակցնեն Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերը ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի թանգարաններում այցելուներին ցույց են տալիս Վուդրո Վիլսոնի գծած Սևրի պայմանագրի քարտեզները։

Շուշիի ազատագրման գործողության հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, լեգենդար Կոմանդոսի ուղերձում, որն ընթերցվեց հունվարի 25-ին «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպում-քննարկման ժամանակ, ասվում է. «Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն:

Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»։

Основная тема:
Теги: