Ամերիկահայերը դեմ են Լիլիթ Մակունցի նշանակմանը

ԱՄՆ-ի հայ համայնքն անհանգստացած է Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու կապակցությամբ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Արթուր Սահակյանը նշեց, որ ամերիկահայերն առաջարկում են հանրահավաքներ կազմակերպել, դատապարտել այդ որոշումը և չթողնել, որ Լիլիթ Մակունցին այդ պաշտոնում նշանակեն։

«Կարծում եմ՝ մենք գլխավոր խնդիրը թողած, ընկել ենք մակունցների հետևից։ Արժանապատվության բավարար քանակություն չունենք, որ հեռացնենք դավաճան իշխանությանն ու այսօր գլխավորին հեռացնելու փոխարեն ընկել ենք Լիլիթ Մակունցների հետևից»,-նշեց Արթուր Սահակյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունը չունի կադրեր, պարզ է, որ մակունցները պետք է սպասարկեն նրանց։ Արթուր Սարգսյանի կարծիքով իշխանություններին պրոֆեսիոնալ դիվանագետներ պետք չեն, նրանց պետք են կամակատարներ։

«Այստեղ հասարակությունը շատ վատ է ընդունում այդ լուրը։ Ի՞նչ հարց է լուծելու Լիլիթ Մակունցն այստեղ։ Նույնիսկ պրոֆեսիոնալ դիվանագետները վերջին չորս տարվա ընթացքում չեն կարողացել հարաբերություններ ստեղծել օրինակ Թրամփի ադմինիստրացիայի հետ, երևի չեն էլ փորձել։ Իմ կարծիքով Լիլիթ Մակունցին այստեղ են ուղարկում այլ հարց լուծելու համար, մասնավորապես «իրենց քայլի» օլիգարխների բիզնեսներն այստեղ տեղավորելու համար։ Նրա խնդիրը լինելու է փախուստն ապահովելը։ Քանի որ նրանք մի օր փախչելու են, պետք է ապահովել նրանց անցումն ԱՄՆ, տրանսֆերտների փոխանցումը և այլ հարցեր։ Լոս Անջելեսում լուրեր են պտտվում ևս մեկ «Իմ քայլ»-ական բարձրաստիճան պաշտոնյայի մասին, որն ըստ շրջանառվող լուրերի՝ այստեղ բավականին թանկ սեփական տուն է գնել, ինչպես նաև Հայաստանից բերած փողերով բիզնես հիմնադրել, մասնավորապես ներդրումներ է կատարել մարիխուանայի ոլորտում»,-նշեց Արթուր Սահակյանը։

Վերջինս կարծում է՝ Լիլիթ Մակունցի խնդիրն ԱՄՆ-ում լինելու է Նիկոլի «դավաճան» խմբակի և նրանց բիզնեսների անվտանգությունն ապահովելը «Նրանք թքած ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Նրանք մտածում են միայն իրենց անձի և բիզնես շահերի մասին»,-ասաց Արթուր Սահակյանը։

Ավելի վաղ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ Վերջինս հաստատել էր, որ կան նման քննարկումներ։