Արա Այվազյան. Մենք հարգում ենք Իրանի մոտեցումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

 


Այվազյանի ելույթից մի հատված ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանն իր խոսքում նշել է, որ այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում:

«Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն»,-ասել է նախարարն ու ավելացրել, որ Հայաստանը հարգում է Իրանի մոտեցումները։

«Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»»,-նշել է նախարար Այվազյանը, տեղեկացնում է Panorama.am։