ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ԹՐԵՅՍԻՆ

Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերից հետո արևմտամետ քաղաքական գործիչները դադարել են այցելել Երևանում ամերիկյան դեսպանատուն։

Ներկայիս դեսպան Լին Թրեյսին չի կազմակերպում բուռն երեկույթներ, ինչպիսիք կազմակերպում էր ընդդիմության ներկայացուցիչների համար Մարի Յովանովիչը, բայց նույնպես հաճույքով ընդունում է հյուրերին, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչների: Նա ակտիվորեն շփվում է վերլուծաբանական հանրության ներկայացուցիչների հետ։ Վերջին օրերին ամենատարբեր աղբյուրներից լուրեր են արտահոսում այն մասին, որ Թրեյսին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նոր միութենական պետության շրջանակներում հայ-ռուսական դաշինքի ձևավորման հեռանկարի նկատմամբ:

Այն մասին, որ Հայաստանը պետք է գնա Ռուսաստանի հետ նոր դաշնակցային պետություն ձևավորելու ճանապարհով, մեր երկրում խոսել են ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո, այլև նախքան դրա սկսվելը։ Մասնավորապես, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային իրավիճակն այնպես է դասավորվում, որ Հայաստանն ու Արցախը կարող են հայտնվել Թուրքիայի ազդեցության ոլորտում, եթե յուրաժամանակ միջոցներ չձեռնարկեն նոր միութենական պետությանն ինտեգրվելու համար։ Նրանց թիվը, ովքեր համարում են, որ երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից Հայաստանի համար միակ ճիշտ ելքը դա է, պատերազմից հետո ավելացել է։

Չեմ խոսի նույն հավատքի լինելու, ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթների, հոգևոր ու մշակութային կապերի մասին։ Այս ամենի վերաբերյալ «Գոլոս»-ի ընթերցողները տեղեկացված են ընթերցողական ցանկացած այլ լսարանից շատ առավել։ Եթե ինտեգրման գաղափարը լայն աջակցություն ստանա զանգվածների և քաղաքական հանրության միջավայրում, ապա դա կհարուցի թուրք-սորոսական 5-րդ շարասյան և Բաքվում, Անկարայում ու Վաշինգտոնում նստած դրա տերերի հավաքական հակազդեցությունը։ Առայժմ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությանն աջակցել են ընդամենը մի քանի քաղաքական և հասարակական կազմակերպություններ, հեռանկարների մասին խոսելու համար դեռ վաղ է, բայց դրանք կան, այլապես Թրեյսին այդպես չէր անհանգստանա…

Ի դեպ, բառացիորեն օրերս «Հայրենիքի փրկության շարժման» շարքերը լքեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։ Նա հայտարարեց, թե շարժման առաջնորդների խնդիրը ոչ թե այն է, որ ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ, այլ որ հարկադրեն նրան ավելի ակտիվ պարել Պուտինի դուդուկի տակ։ Հիշեցնեմ, որ Սուրենյանցն իր հրապարակային կարիերան սկսել է դեռևս նախորդ դարում՝ երիտասարդական շարժումներից մեկի ձևաչափով, հետո աշխատել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության մամուլի քարտուղար, այնուհետ հայտնվել օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողքին, իսկ հետո ընդհանրապես բանտ ընկել, որտեղից դուրս է եկել համեմատաբար վերջերս և անմիջապես հիմնել սեփական կուսակցություն։

Եթե Սուրենյանցը լքել է շարժումը վերոնշյալ պատճառով, ուրեմն ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է, որ միավորված ընդդիմության առաջնորդներին հայտարարեն Կրեմլի գործակալներ։ Հավասարակշռության համար։ Եթե իշխանությունը կիսով չափ բաղկացած է թուրք-սորոսական 5-րդ շարասյան գործակալներից, ապա իրենք էլ պետք է պիտակ փակցնեն միավորված ընդդիմության վրա։ Բա ո՞նց կլինի առանց պիտակի։

Բայդենի երդմնակալությունից հետո Թրեյսին հանդես եկավ մի հոդվածով, որում, մասնավորապես, հայտարարեց, թե «չնայած մարտերի դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քաղաքական որոշումն անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»: Դեսպանը նաև կողմ է արտահայտվել գերիների անհապաղ ու անվտանգ վերադարձի անհրաժեշտությանը և դատապարտել «հակամարտության հետ կապված բարբարոսության դեպքերը»: Հոդվածը վերնագրված է «Ժողովրդավարությունն անգին է»։ Բավական «արդիական» վերնագիր է մի երկրի համար, որտեղ իշխանությունն ամեն քայլափոխի խախտում է Սահմանադրությունն ու օրենքները, իսկ ժողովուրդը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ամեն օր լուծում է գոյատևման խնդիրը։ Ի դեպ, իսկ ինչո՞ւ ԱՄՆ դեսպանը ոչ մի անգամ չի արձագանքել Փաշինյանի ռեժիմի կողմից օրինականության խախտումներին։ Խաղաղ ցույցերը ցրելու ընթացքում ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառմանը։

Այս հարցերը ավելորդ խնդիրների ոլորտից են. Փաշինյանը միանգամայն ձեռնտու է ԱՄՆ-ին, իսկ նոր վարչակազմն արդեն սկսել է խոսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին։ Փաշինյանի շրջապատն ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստ է ակտիվորեն աջակցել Փաշինյանի այցի կազմակերպմանն ԱՄՆ և 46-րդ նախագահի հետ հանդիպմանը. չէ՞ որ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որն առ այսօր չի հանդիպել ԱՄՆ նախագահի հետ։ Ի դեպ, հունվարի 25-ին Ռուսաստանի դեսպանի հետ Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո քաղաքական շրջանակներում սկսեցին խոսել այն մասին, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միութենական պետության գաղափարը…

Основная тема:
Теги: