Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել
ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա՝ ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․
«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։
Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում Բադասյանը ձերբակալվել է։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Բադասյանը կասկածանքի շուրջ հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ երեկ երեկոյան վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրան։
Վերջինս առաջադրված մեղադրանքի շուրջ ևս հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը։
Պաշտպանը հայտնեց, որ վարույթն իրականցնող մարմինը Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դեռևս չի մակագրվել։ Ինչ վերաբերում է ձերբակալման որոշման դեմ բողոքին, պաշտպանը նշեց, որ դեռևս բողոք չի ներկայացվել, սակայն պատրաստվում են վիճարկել ձերբակալության իրավաչափության հարցը, ձերբակալման որոշման դեմ բողոքը կքննվի կալանավորման միջնորդության հետ համատեղ՝ դատական նիստի ընթացքում։