ՊԲ․ Որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել

Պաշտպանության բանակի որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել։ Այս մասին վստահեցնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը` հորդորելով չտարածել բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն իրական հիմք և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը:

«Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը (նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ) պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia: