«Պատրոն Դավիթը» բերման է ենթարկվել ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն (Դավիթ Գալստյան` մականունը` «Պատրոն Դավիթ»), նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈւ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

Դրանից հետո Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելուն և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն։ Պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն մատակարարվել է ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի արկերին։ Արդյունքում, ըստ ԱԱԾ–ի, նշված արկերով անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Իսկ ընկերության հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար:

Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: ԱԱԾ–ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր ևս:

Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանի մատակարարումների մասին մամուլը բազմիցս գրել էր։ Հրապարակումներում հիշատակվում էին նաև ՊՆ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա տեղական Մակար Գաբիելյանի անունները` արպես անօրինական գործարքների մասնակիցներ։

Ըստ այդ հրապարակումների, Գալստյանի մատակարարած զենք–զինամթերքը ձեռք է բերվել Ղազախստանում, որտեղ էլ գրանցված է եղել Գալստյանի հետ առնչություն ունեցող ընկերությունը։ Հրապարակումների համաձայն` Գալստյանի հետ առնչություն ունեցող Mosston Engineering ընկերությունը ՀՀ ՊՆ–ից 3,5 մլն դոլար գումար է ստացել մատակարարումները կազմակերպելու համար։ Համացանցում հրապարակվել էր տվյալ ընկերությանը թուրքական ընկերությունից տրված սերտիֆիկատը։

Այս փաստի հիման վրա մամուլը գրեց, որ ընկերությունը զենք է ձեռք բերում Թուրքիայից և որ թուրքական զենքի գործորքում ներգրավված է նաև ՀՀ ՊՆ ղեկավարությունը։