Արցախում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է

Արցախյան պատերազմում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

Նշենք, որ Ջիվան Ավետիսյանն Արցախյան ազատամարտի մասին 2014թ.-ին նկարահանված «Թևանիկ» ֆիլմի ռեժիսորն է, իսկ Հովհաննես Խոդերյանը` գլխավոր հերոսը` Թևանիկը։

«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1%-ի չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի... բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա, որ վերջին հույսն էլ մարեց... ամիսներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ...»,–գրել է նա։

Ավետիսյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա 01.02.2021-ին, ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ-Զեյթուն)։Հուղարկավորությունը` 02.02.2021-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուրում։

«Մեր բոլորի Թևանիկը... Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ.. Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները...Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը...Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ...ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում...»,–գրել է նա։

Ջիվան Ավետիսյանն ընդգծել է, որ իրավունք չունենք նահանջելու... ամեն Աստծո օր պիտի անենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ և իրապես հաղթենք, տեղեկացնում է Sputnik Armenia։