ԳԱԱ. «Բայրաքթարի» ստեղծման համար Թուրքիան ծախսել է նույն գումարը, ինչ ՀՀ-ն` գիտության վրա 10 տարվա ընթացքում

Հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները` Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` շեշտելով մի շարք խնդիրների լուծման կարևորությունը գիտության զարգացման համար, այդ թվում` անհրաժեշտ ֆինանսավորումը, համապատասխան կադրային ներուժի ապահովումը և այլն:

ԳԱԱ նախագահը, մասնավորապես, նշեց, որ անցյալի սխալները կրկնել չի կարելի: «Սկսել նորից ապրել և չկրկնել անցյալի սխալները: Դա հնարավոր կլինի միայն գիտության զարգացման շնորհիվ: Ապագա գլոբալ խնդիրների լուծման պայման է առաջադեմ գիտության առկայությունը: 2020-ի 44-օրյա պատերազմը դա այն է, ինչը շատերը 5-րդ սերնդի պատերազմ են անվանում: Այս պատերազմում մեր կորուստների 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ընդ որում, նրա խոսքով, հայտնի է, որ Թուրքիայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա շուրջ 270 միլիոն դոլար է ծախսվել: Ինչպես նշեց Մարտիրոսյանը, դա հավասարազոր է վերջին 10 տարվա ընթացքում հայ գիտության կարիքների համար հատկացված միջոցներին, տեղեկացնում է News.am: