«ԼՈՒՍԱՎՈՐ» ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԳՈՒՆԱՓՈԽՎԵԼ Է։ ՀԻՄԱ ՆԱ «ՆԱՏԱՇԱ» Է
Մենք երբեք արևմտամետ չենք եղել, մենք ելնում ենք Հայաստանի շահերից։ Նման պնդում վերջին շրջանում հաճախ է հնչում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների շուրթերից, որոնք համառորեն փորձում են ներշնչել հանրությանն այդ միտքը՝ միանգամայն ակնհայտորեն ելնելով կոնյունկտուրայից։ Չէ՞ որ քթի տակ են ամենատարբեր, գուցե նույնիսկ անսպասելի ներքաղաքական զարգացումները։ Եվ հիմա ԼՀ-ի առաջնորդը, որն իրեն տեսնում է բացառապես վարչապետի պաշտոնում, հայտարարում է Սյունիքում ռուսական երկրորդ ռազմակայանի անհրաժեշտության և ՌԴ-ի հետ պայմանագրային բազայի թարմացման մասին։ Իսկապե՞ս։ Ամաչում ենք հարցնել, այդ ո՞ր օրվանից է թունդ արևմտամետ Մարուքյանը փոխել քաղաքական կողմնորոշումը։
Այս հարցին մենք դեռ կանդրադառնանք, բայց կցանկանայինք հատուկ ընդգծել, որ այսօր «լուսավորները» գործածում են նույն այն թեզերը, որ օգտագործում էր «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նույն ինքը՝ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի ապրիլին, նույն ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին գրեթե 3 տարիներին։ Ի դեպ, «Ելք» դաշինքում, հիշեցնենք, ընդգրկված էին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Ի դեպ, հենց այն Սարգսյանի, որն այսօր, վարչապետի կողմից կապիտուլյացիայի ստորագրումից, Արցախի փաստացի հանձնումից հետո և Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգի պայմաններում ոչ միայն եռանդագին սատարում է Փաշինյանին, այլև հաճույքով միացել է «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվանումով արկածախնդրությանը։
Համաձայնեք, ուշագրավ եռյակ էր հավաքվել 2017-ին «Ելքի» կազմում։ Եվ, դատելով այսօրվա դիրքորոշումից, «Ելք» դաշինքն իրականում երբեք չի էլ տրոհվել։ Փաշինյանին հիմա խիստ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ՝ լեգիտիմացնելու համար այն ամենը, ինչ նա արել է, Սարգսյանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, Մարուքյանն իբր համաձայն չէ, բայց վարչապետի դերում տեսնում է միմիայն իրեն։ Ընդ որում՝ համոզիչ լինելու համար արևմտամետ Մարուքյանը հանկարծ կերպափոխվում է ռուսամետ գործչի։ Իսկ նրա պատգամավորները սկսում են հարցազրույցներ տալ ու ասել, թե ԼՀ-ն երբեք արևմտամետ ուժ չի եղել։
Այստեղ, թերևս, պետք է նշել ևս մեկ կարևոր հանգամանք՝ կապված արտահերթ ընտրությունների խորապատկերին Մարուքյանի և ընկերախմբի այդչափ տարօրինակ կերպարանափոխության և աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության հետ։ Շատ ավելի վաղ Սյունիքում ռուսական երկրորդ ռազմակայանի ստեղծման առաջարկով հանդես էր եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Կարճ ժամանակ անց այդ գաղափարը, որպես «Սյունիք ԼՀ-ի կատարած ճանաչողական այցի» արդյունք՝ իբրև սեփական մտահղացում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի նշանած ընդդիմադիր ուժի առաջնորդ Մարուքյանը։ Եթե այդ գրագողությանը ավելացնենք ԼՀ-ի աշխարհաքաղաքական կողմնորոշումը արմատապես խմբագրելու փորձերը, ապա ուրվագծվում է չափազանց հետաքրքիր պատկեր։
Թեպետ, պատկերի ամբողջականության համար պետք է էլի մի բան ավելացնել։ Թվում է՝ դե, կարող են, չէ՞, մի քանի մարդիկ միաժամանակ մտահղանալ նույն գաղափարը, առավելևս՝ այդպիսի, երկրի անվտանգության մասին հոգացողությունից բխող։ Ավելին, այն, որ ռուսական ևս մեկ ռազմակայանի ստեղծման գաղափարը ներկայացվում է երկու, իրարից այդքան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, կարելի է միայն ողջունել։ Բայց ... Դա խանգարում է անել մշտապես ինչ-որ երրորդ ճանապարհ ընտրող ԼՀ-ի ձեռնասուն, գրպանային բնույթը:
Մենք երբեք արևմտամետ չենք եղել, մենք ելնում ենք Հայաստանի շահերից, ասում են Մարուքյանն ու ընկերախումբը՝ առաջարկելով ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների մի ծրագիր, որի գլխավոր կետերից մեկը հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումն է։ Իսկ ավելի ճիշտ՝ վերջին երկու տարիներին խաթարված հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը։ Իսկ ինչո՞ւ Մարուքյանը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական խաթարման ու խզման այս վերջին երկու տարիների ընթացքում այդ մասին ոչ մի անգամ ծպտուն անգամ չհանեց։ Ինչո՞ւ միայն հիմա, երբ երկիրը հասցրել են ծայրահեղ կետի, նրան հանկարծ ակնհայտ դարձավ, որ «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում, այն է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և միջպետական 5 պայմանագրերի»։ Խոսքը, նշենք, հետևյալ պայմանագրերի և համաձայնագրերի մասին է. «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին», «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին», «Համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին», «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին»։ Ինչո՞ւ միայն հիմա նա հանկարծ հասկացավ այդ միջպետական համաձայնագրերի արդիականությունը մեր երկրի համար։
Չէ՞ որ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին ելքականները Մարուքյանի ու Փաշինյանի գլխավորությամբ մաքառում ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար։ Նրանց դուր չէր գալիս ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման, զորքերի Միացյալ խմբավորման մասին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացումը (այդ փաստաթղթերն ընդունվել են իրենց պատգամավորության ժամանակ), որոնք իշխանափոխության պատճառով այդպես էլ լիարժեք չկենսագործվեցին։ Այդ հարցերի քննարկումն ԱԺ-ում նրանք վերածեցին կրկեսի։ Իբր՝ հանրապետականները Ռուսաստանին են տալիս Հայաստանի և Արցախի օդը, մի՞թե Սևրի պայմանագրի ճակատագիրը տեսած ժողովուրդը կարող է հույս դնել թղթե պայմանավորվածությունների վրա, մի՞թե 1915-ը տեսած ժողովուրդը կարող է հույս դնել ուրիշի բանակի վրա, ասում էին Փաշինյանն ու Մարուքյանը։ Իսկ այսօր Մարուքյանը հանկարծ սթափվել ու խոսում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական պայմանագրերը խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մասին միասնական պայմանագրում միավորելու անհրաժեշտության մասին, ինչը, ըստ էության, կնշանակի թղթին փոխանցել այն, ինչ կա իրականում։
Չէ՞ որ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին Մարուքյանն ու ընկերախումբը բղավում, թե այդ համաձայնագրերի վավերացումը «նշանակում է՝ ստորագրել սեփական ուժերի նկատմամբ անվստահության տակ, ինչը չի կարող չվիրավորել արժանապատվություն ունեցող մարդկանց։ Դա անկախության կորուստ է»։ Կուրծք էին ծեծում, ջանալով համոզել, թե հանրապետականները Ռուսաստանի հետ միասին գործում են ըստ Մաքիավելիի. «Ինչպե՞ս գաղութացնել պետությունը և ինչպե՞ս կառավարել տոտալիտար համակարգերը։ Ստեղծել արտաքին թշնամի՝ նրանով վախեցնելով ժողովրդին, և արտաքին թշնամուց պաշտպանվելու համար գնալ ցանկացած զիջումների, քանի որ բոլոր սահմանափակումներին ժողովուրդը կհամաձայնի հանուն կյանքը փրկելու։ Ո՞ւր ենք հասնելու այսպես»։
... Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես է արևմտամետ Մարուքյանը փոխել քաղաքական կողմնորոշումը՝ քիթն ուղղելով դեպի հյուսիս։ Թե ինչպես է համաձայնագրերի վավերացմանը դեմ քվեարկած Մարուքյանն այսօր գոռում ՀՀ-ի և ՌԴ-ի ռազմաքաղաքական փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտության մասին և որպես սեփական մտահանգում ներկայացնում Սյունիքում նույնպես ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ հանրապետական Աշոտյանի առաջարկը։ Թե ինչպես է «հասե՜ք, կորցնում ենք ինքնիշխանությունը» գոռացող Մարուքյանը հայտարարում Հայաստանի անվտանգության բոլոր հարցերն ինքնուրույն լուծելու անհնարինության մասին, նույնիսկ եթե հիմա հանրապետության ողջ պետական բյուջեն ուղղվի պաշտպանության կարիքներին։ Թե ինչպես է Մարուքյանն այսօր առանց խղճի խայթի խոսում հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովման մասին, որոնք հենց ինքն էր փչացնում իր հակառուսական նախաձեռնություններով, ելույթներով ու քվեարկություններով։ Եվ որոնք վերջին երկու տարիներին խաթարված էին այդ թվում նաև իր լուռ համաձայնությամբ...