Պողոս Գևորգյան․ Հայկական ջերմոցային տնտեսությունները պարզապես կսնանկանան

Եթե տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակում լինի, ապա հայկական ջերմոցային տնտեսությունները թուրքական և ադրբեջանական արտադրողների համեմատ անմրցունակ կդառնան: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը:

Փորձագետը պարզաբանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում այդ տնտեսությունները գործում են տաք կլիմայական պայմաններ ունեցող շրջաններում և փաստացի չեն ծախսվում գազի վրա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ էներգետիկ ռեսուրսների գները զգալիորեն ցածր են, քան Հայաստանում: «Ուստի եթե տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, հայկական ջերմոցային տնտեսությունները պարզապես կսնանկանան և կփակվեն: Համեմատության համար նշենք, որ թուրքական լոլիկի կիլոգրամը, հաշվի առնելով արտադրությունը, փոխադրումը, մաքսային վճարները, 300 դրամ է, մինչդեռ Հայաստանում արտադրվողի ինքնարժեքը 500 դրամ է»,- հավելեց Գևորգյանը:

Որպես իրավիճակից ելք փորձագետը նշեց արևային էներգիայի օգտագործումը գազի փոխարեն, սակայն դա, ըստ նրա, լուրջ ներդրումներ է պահանջում: «Նման առաջարկով մենք դիմել ենք իշխանություններին: Հայաստանը միանգամայն կարելի է ջերմոցային արդյունաբերական երկիր դարձնել` օգտագործելով սեփական տնկիները, կոնստրուկցիաները, ինչպես նաև էներգիան (արևային): Մենք առաջարկել ենք նաև արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի լեռնային շրջանների ջերմոցային տնտեսությունների և այնտեղ արտադրվող էկոլոգիապես մաքուր և մրցունակ արտադրանքի արտահանման համար` հաշվի առնելով, որ նույն Եվրոպայում դա մեծ պահանջարկ ունի»,- շեշտեց նա: Սակայն քանի որ այդ շրջաններն արդեն սահմանամերձ են դարձել, անհրաժեշտ է լուծել նաև ներդրումների անվտանգության երաշխիքների հարցը: «Առայժմ մեր բոլոր առաջարկներն անպատասխան են մնում»,- եզրափակեց ՀԿ նախագահը:

Հիշեցնենք, որ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում է նախատեսվում: