«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԲՆԱԿԵՑՆԵԼ... ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐՈՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր ղեկավար է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Գարիկ Սարգսյանը։ Կառավարության համապատասխան կարգադրությունը ներկայացված է կառավարական տեղեկատվության կայքէջում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Նարեկ Բաբայանը։ Ավելի վաղ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է գրել:
Գարիկ Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։ Մարզպետն այդ պաշտոնը ստանձնել էր «թավշե հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ նա Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այն բանից, որ Նարեկ Բաբայանը լքել է պաշտոնը, երկու տարի շարունակ իր ղեկավարած ոլորտն ակնհայտորեն չի տուժի։ Ընդհանրապես կառավարման և մասնավորապես պետական գույքի կառավարման գործում առանձնակի հաջողություններով թավիշի այդ ներկայացուցիչն աչքի չի ընկել։ Նա աչքի է ընկել թերևս միայն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ ամուսնական կապով։ Այնպես որ պետական գույքի համար բնավ մեծ կորուստ չէ։ Այլ հարց է, թե ում զիջեց իր աթոռը Բաբայանը։ Ահա այդ առումով, ինչպես ասում են, փախեք-փրկվե՛ք։ Բաբայանին կփոխարինի կաթիլային եղանակով ոռոգվող տարածքի չափման մասնագետն ու կոկորդիլոսների գծով փորձագետը։ Մի խոսքով՝ թավշե ծագումով գլխավոր փորձարար-նորարարը։
Իրականում Սարգսյանի նշանակումն այդ պաշտոնում լուրջ վտանգներ է պարունակում։ Առանց կատակի: Բանն այն է, որ Արարատի մարզում կոկորդիլոսների բուծման ֆերմա ստեղծելու նրա երազանքը մնում է չիրականացած, և մեծ է հավանականությունը, որ նախագծի իրականացմանը նա ձեռնամուխ կլինի արդեն պետական գույքի կառավարման բնագավառում։ Սովորաբար այնպիսի կադրերին, ինչպիսին Գարիկ Սարգսյանն է, «կաթիլային ոռոգվող 40 հազար հեկտար» հեռավորության վրա են պահում ցանկացած պետական ծառայությունից, բայց…
Նրան վստահեցին պետության ունեցվածքը։ Այսինքն՝ ավելի քան 8 մլն քառակուսի մետր տարածք զբաղեցնող պետական սեփականության ավելի քան 9000 օբյեկտների ճակատագրի տնօրինումը։ Եվ դա՝ միայն անշարժ գույքի մասով։ Համաձայնեք, Սարգսյանի փորձարարական տաղանդը ծավալվելու տարածք ունի։ Մանավանդ եթե հաշվի առնենք պետական գույքի «կառավարման» այն ոճը, որը ներդրել է թավշե իշխանությունը։ Այդ ոճը, թերևս, շատ վառ դրսևորված է, օրինակ, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի պատմությամբ։
Հիշեցնեմ, որ իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո «նոր Հայաստանի» շինարարները «պոկեցին» շքեղ հյուրանոցը նախկին ռեժիմի ներկայացուցչից՝ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանից։ Դե, չէինք ասի, թե կոպիտ ձևով «պոկեցին»։ Քրեական գործ հարուցեցին Ավետիսյանի դեմ, իսկ նա պարզապես որոշեց անշահախնդիր կերպով պետությանը նվիրել հինգաստղանի և շահութաբերության առումով ծաղկուն օբյեկտը։ Նվերը գնահատվում էր մոտ 16 միլիոն դոլար։ Իսկ հետո սկսվեց այդ օբյեկտի պետական կառավարման տխուր պատմությունը։ Այն երեք անգամ փորձեցին վաճառել աճուրդ։ Բայց ներդրողները հետաքրքրություն չցուցաբերեցին հյուրանոցի նկատմամբ։ Ինչո՞ւ։ Միանգամայն ակնհայտ է, որ եթե երկրում լիներ համարժեք կառավարություն, եթե երկրում տիրեր նորմալ գործարար մթնոլորտ, ապա ներդրողները հերթ կկանգնեին։ Ի վերջո, խոսքը, կրկնում եմ, բարգավաճող բիզնեսի մասին է, լիովին սարքավորված ու հագեցված, պատրաստ պատկառելի շահույթ բերելու սեփականատիրոջը: Այդուհանդերձ հյուրանոցը վաճառելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին։
Եվ այդժամ անսպասելիորեն սկսվեց կորոնավիրուսի համավարակը, որի հետևանքներն առաջիններից մեկը Հայաստանում իր վրա զգաց հենց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ը։ Կառավարությունն անմիջապես վերածեց հինգաստղանի հյուրանոցը վարակվածների մեկուսարանի՝ դրանով իսկ հիմնավորապես խաչ քաշելով այդ օբյեկտի կոմերցիոն հեռանկարների վրա։ Իհարկե, ողջ այն ընթացքում, ինչ հյուրանոցը կառավարվում է պետության կողմից, նրա հինգաստղանի լինելուց մնում են լոկ հուշեր։
Պետական սեփականության հազարավոր այլ օբյեկտների հետ մեկտեղ, «Գոլդեն Փելես»-ի ճակատագիրը նույնպես այսուհետ տնօրինելու է նորարար-փորձարար Գարիկ Սարգսյանը։ Եվ այստեղ արժե ուշադրության առնել ծաղկաձորցիների և հանգստավայրի հյուրերի համար ոչ մեծ, բայց տագնապալի մի նրբերանգ. այդ գործչի արտառոց երազանքն առայժմ մնում է չիրագործված։ Իսկ դա նշանակում է՝ մեծ է հավանականությունը, որ հինգաստղանի հյուրանոցը կարող են բնակեցնել կոկորդիլոսներով։ Եթե ճոխ օբյեկտը դարձրել են կարանտինային մեկուսացման գոտի, ապա ո՞վ ասաց, թե չի կարելի վերածել դա կոկորդիլոսի ֆերմայի։ Առանց կատակի:
Իսկ ընդհանրապես, տվյալ կադրային որոշումը լիովին տեղավորվում է այս կառավարության տրամաբանության մեջ. ուրիշ որտեղ փլուզեն, ուրիշ էլ ինչ մսխեն, ուրիշ ինչպես փոշիացնեն…