Գևորգ Գորգիսյանն առաջարկել է զրկել Անուշ Բեղլոյանին մանդատից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքի իր էջում։

«Դիմում եմ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գորգիսյանը, տեղեկացնում է Panorama.am։