Դատավոր Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի մասին միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին ժամը 13-ին:

Միջնորդությունը նախօրեին ներկայացրել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Պաշտպանը շեշտը դրել էր դատավորի թույլ տված խախտման վրա՝ նրա անփութությամբ դատարանում հրապարակվել էր բժշկական գաղտնիք, որն առնչվում է Գևորգյանի տիկնոջը: Քանի որ տեղեկությունն արդեն դարձել է լայն հանրության սեփականությունը, փաստաբանը պարզաբանել էր, որ խոսքը Գևորգյանի տիկնոջ կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստի հրապարակման մասին է, ինչով պատճառաբանվել է դատական նիստի հետաձգումը: Գևորգյանի փաստաբանն այս կապակցությամբ դիմել էր դատախազություն և ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Ալեքսանյանը շեշտել էր, որ Դանիբեկյանն այսպիսով արդեն հացագործություն է կատարել իր պաշտպանյալի դեմ, և առավել ևս չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ լինել այն անձի հանդեպ, ով փորձում է հասնել թույլ տրված խախտումը պատժելուն:

Մյուս ամբաստանյալների փաստաբանները և ամբաստանյալներն իրենք համերաշխաբար սատարել էին գործընկերոջը: Դատախազները դեմ էին հանդես եկել՝ առաջարկելով միջնորդությունն ընդհանրապես չքննարկել, և հընթացս պաշտպանական կողմին մեղադրել էին իրավունքների չարաշահման մեջ, տեղեկացնում է News.am: