«Ազգային օրակարգ». Հայաստանի համար պատերազմի սպառնալիքները պերմանենտ բնույթ են կրում

Այսօր Հայաստանի համար պատերազմի սպառնալիքները պերմանենտ բնույթ են կրում: Այս մասին փետրվարի 3-ի հանդիպմանը ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը:

Նա շեշտեց Արցախում պաշտպանական գծերի ամրացման անհրաժեշտությունը, Պաշտպանության բանակի համալրման հարցի լուծումը, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից ակտիվ հակազդեցության ֆոնին, իսկ իշխանությունները չեն ցանկանում զբաղվել այս բոլոր խնդիրներով, դե նաև ի վիճակի էլ չեն:

«Ավելին՝ իշխանություններն իրենք իրենց գործողություններով հանգեցրին նրան, ինչ այսօր ունենք: Մեզ համար երկրորդ խնդիրը Հայաստանում գործակալների առկայությունն է, որոնք տարիներ շարունակ աշխատել են այլ երկրների ֆինանսական և կառավարման վերահսկողությամբ, վարկաբեկել են բանակն ու ուժային կառույցները, երկրից տեղեկություններ են դուրս բերել: Հանրությունը պարտվել է ոչ միայն մարտի դաշտում, նրան պարտության են պատրաստել՝ հասարակությանը պառակտելով: Ներկայիս իշխանություններն այս ամենը արել են այդ գործակալների օգնությամբ՝ մեզ պատրաստելով պարտության և «խաղաղ գոյակցության», մինչդեռ հակառակորդն ակտիվորեն պատրաստվել է պատերազմի»,- նշեց քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը, իսկ հայկական կողմի պարտությունը կազմակերպված էր, և երբ բոլորը խոսում էին պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, իշխող դաշինքի պատգամավորներն ասում էին, որ դա չի լինի:

«Հիմա Նախիջևանում և Հայաստանի սահմանին զորավարժությունների ֆոնին իշխանությունները կրկին փորձում են մեզ համոզել, որ սպառնալիք չկա, իսկ այդ ընթացքում սկսվել է հայկական պետականության թուլացման կամ ոչնչացման երկրորդ փուլը՝ կա՛մ ռազմական մեթոդներով, կա՛մ տնտեսական էքսպանսիայով և «խաղաղ գոյակցությամբ»: Թուրքիան նեոօսմանիզմի ծրագրի իրականացման ճանապարհին է, թշնամին չի փոխվել, և չի կարելի ընկնել նրա թակարդի մեջ»,- հավելեց Գասպարյանը:

Նա հանրային ճնշման մեծացման կոչ արեց իշխանությունների հրաժարականին հասնելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով, հակառակ դեպքում Հայաստանն ապագա չունի, տեղեկացնում է News.am: