ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննության միջնորդությունն ու կալանավորել ՀՀ զինված ուժերի զենքի մատակարարումներով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գործարարին ձերբակալել են Պաշտպանության նախարարությանը հին ու ոչ պիտանի հրետանային արկեր մատակարարելու մեղադրանքով: Ինքը՝ Գալստյանն ավելի ուշ մեկնաբանել է քրեական գործը, նշելով, որ այս փուլում ձեռնպահ կմնա մի շարք հանգամանքներ հրապարակայնորեն ներկայացնելուց, քանի որ դրանք պետական գաղտնիք են պարունակում։ Գործարարն ընդգծել է, որ այդ հանգամանքները լույս կսփռեին քրեական գործի հարուցման իրական շարժառիթների վրա, հաղորդում է Sputnik Արմենիան:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հատկապես ինչի մասին է ակնարկում Գալստյանը՝ խոսելով լույս սփռող հանգամանքների մասին, ցույց կտան ժամանակն ու հետաքննությունը։ Իսկ գուցեև ցույց չեն տա։ Ժամանակն ու հետաքննությունը ցույց կտան նաև Գալստյանին մեղսագրվող անօգտագործելի զենքի մատակարարումների հետ կապված նրբությունները։ Իսկ գուցեև ցույց չեն տա։ Ախր այստեղ, ինչպես ասում էր խորհրդային կինոյի գլուխգործոցի կերպարը, «կարող է թռչել, իսկ կարող է և չթռչել»։ Բայց տվյալ դեպքում խոսքն այդ մասին չէ։ Եվ նույնիսկ ոչ այն մասին, որ դեռ մի քանի ամիս առաջ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում են «Պատրոն Դավոյի» արարքների մասին, բայց վերջինս իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել է միայն այսօր։

Իրականում ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում հասարակության ուշադրությունը մի տեսակ սահուն կերպով շեղվել է 44-օրյա պատերազմի հետ կապված քաղաքական որոշումների գնահատականներից և այդ որոշումները կայացնողներից, սևեռվելով զինվորականների և Պաշտպանության նախարարության հետ առնչվող անձանց վրա: Նկատեք, ստվերից դուրս եկավ ու լռության ուխտը խախտեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, խոսեց Արծրուն Հովհաննիսյանը, հենց նույն Դավիթ Գալստյանը թափանցիկ ակնարկներ է անում կալանքից առաջ: Նկատենք նաև, որ նշված բոլոր քաղաքացիներն այսօր, տևական լռությունից հետո այս կամ այն ձևով սկսել են արդարանալ։ Արդարացումները, իհարկե, բնավ համոզիչ չեն։

Ավելին, ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման իրավիճակներում սպաները նախընտրում են ոչ թե արդարանալ, այլ ինքնասպան լինել։ Կապիտուլյացիա, հազարավոր զոհեր, տարածքային ահռելի կորուստներ, 44-օրյա ստախոսություն անխուսափելի հաղթանակի մասին։ Այս ամենը, իհարկե, ծանրացած է ռազմական ղեկավարության և նրա հետ կապված անձանց խղճին։ Ինչպե՞ս կարող են նրանք ընդհանրապես հանգիստ քնել և դեռ արդարացումներ փնտրել։

Այդուհանդերձ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հիշյալ անձանց ասպարեզ ելնելը ներկայումս ունի միանգամայն կոնկրետ շարժառիթներ։ Շարժառիթներն այդ մորթեպաշտական են՝ բառի ամենաուղղակի իմաստով. պետք է շտապ փրկել սեփական կաշին։ Եվ խոսքն այստեղ ամենևին էլ այն մասին չէ, որ «Պատրոն Դավոն» իր զինամատակարարման գործերի համատեքստում իր հետևից քարշ կտա ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնց կողմից չտանիքավորվելու դեպքում չէր կարողանա որևէ բան անել։ Հարցն ամենայն հավանականությամբ այն է, որ և՛ Տոնոյանը, և՛ Արծրունը, և՛ «Պատրոն Դավոն», և՛ մի շարք այլ զինվորականներ ու նրանց հետ սերտորեն առնչվող «ընկերներ» սկսել են իրենց քավության նոխազ զգալ Նիկոլի դավաճանական սխեմայում։ Չէ՞ որ բնավ պատահական չէ, որ վարչապետի աթոռին նստած և պատերազմի ժամանակ համատեղության կարգով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը կապիտուլյացիայից հետո պնդում էր, թե ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց ոչ գլխավոր մեղավորը։ Պարզ է, չէ՞, որ Նիկոլի համար եկել է գլխավոր մեղավորի անունը տալու պահը։

Այդ պահն, ի դեպ, եկավ այն ժամանակ, երբ ծնվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Այսինքն՝ սկսվեց քաղաքական գործընթաց, որում Նիկոլին հարկավոր են ժողովրդի թշնամիներ։ Նախկիններն արդեն չեն ձգում այդ դերի համար։ Ինչ-որ թարմ բան է պետք։ Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել ավելի լավ թիրախ, եթե ոչ պատերազմը տանուլ տված պաշտպանության նախարարը, մեկուկես ամիս շարունակ եթերում ստող ՊՆ խոսափողն ու բանակի անորակ սպառազինության մատակարարը։ Թերևս նաև Գլխավոր շտաբի պետը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում տեսնել իրեն քավության նոխազի դերում և տեսանելի ապագայում հավանաբար կփորձի լքել պաշտոնը։

Ահա և իրար են խառնվել ուսադիրներով մարդիկ: Հոգու խորքում նրանք մտածում են այնպես, ինչպես իրենց գերագույն գլխավոր հրամանատարը. այո, պատերազմի խայտառակ արդյունքի համար իրենք պատասխանատու են, բայց իրենք չեն գլխավոր մեղավորները։

Նայելով, թե ինչպես է քաղաքական ղեկավարությունը փորձում սլաքներն ուղղել զինվորականների վրա, իսկ զինվորականները՝ փորձում գլուխ պրծացնել, արդարանալ, ակնարկելով քաղաքական ղեկավարության պատասխանատվության մասին, գալիս ես այն եզրակացության, որ օձաբնում և՛ գլխավոր իժը, և՛ մնացած բոլորը արժանի են միմյանց։ Իսկ քավության նոխազներն արժանացել են հենց այդ դերին։ Եվ գլխավոր պատասխանատուն դեռ պատասխան է տալու իր գլխավոր մեղքի համար։