ՄԻՆՈՒՍ ԶՐՈ: ՈՎ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՁԳՏՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ
Միայն ո՛չ Նիկոլը։ Միայն ո՛չ սրանք։ Ով ուզում է՝ լինի, բայց թող սրանք հեռանան, քանի դեռ վերջնականապես չեն փլուզել ու վաճառել Հայաստանը՝ Արցախից հետո։ Ով էլ գա՝ ավելի վատ չի լինի։ Նման խոսակցություններն այժմ շատ տարածված են Հայաստանում. այն աղետալի վիճակը, որում հայտնվել է պետությունը պատերազմից հետո, կենսագործունեության բոլոր ոլորտների շարունակական փլուզումը, պետական և հասարակական ինստիտուտների սրընթաց դեգրադացիան, վարչական կաթվածահարությունը, անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների աղետալի վիճակը պահանջում են անհապաղ ձեռնարկել ամենաարմատական միջոցներ՝ Հայաստանը բառի բուն իմաստով փրկելու համար։
Այն, որ Նիկոլն ու իր թիմը պետք է հեռանան, հասկանալի է ցանկացած ողջամիտ մարդու։ Հարցը սկզբունքորեն լուծված է թվում, ողջ խնդիրը ժամկետներն են։ Սակայն «ով ասես, միայն ոչ սրանք» բանաձևը ոչ պակաս վտանգավոր է։ Կյանքը ցույց տվեց, որ չարաբաստիկ «հատակին» մենք դեռ չենք հասել, և ներկայիս իշխանությունները դա ապացուցում են գործնականում ամեն օր։ Կա՛մ այդ «հատակը» սկզբունքորեն անդնդախոր է, կա՛մ մենք դեռևս այնքան միամիտ ենք, որ հավատում ենք «հատակի» գոյությանը ժամանակակից քաղաքականության մեջ։ Ուստի այն հարցը, թե ով փոխարինելու կգա Նիկոլին, ոչ պակաս արդիական ու գոյաբանորեն կարևոր է, քան ներկաների հրաժարականը։ Մանավանդ եթե հաշվի առնենք նրանց ցանկը, ովքեր հայտարարել են այդ բեռն իրենց վրա վերցնելու պատրաստակամության մասին։
Երբ ընդդիմությունը հրապարակեց վարչապետի միասնական թեկնածուի անունը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, շատերը նրան անվանեցին կամիկաձե։ Ինքը՝ Մանուկյանը, համանման կերպով բնորոշեց ապագա վարչապետի գործունեությունը. «մահապարտի ֆունկցիա»։ Հասկանալի է, որ ընդդիմադիր ուժերի կողմից հենց այդ քաղաքական գործչի ընտրությունը թելադրված էր ոչ միայն արտահերթ ընտրություններից հետո պաշտոնից հեռանալու նրա պատրաստակամությամբ։ Այլև մեծապես նաև այն գիտակցումով, որ Մանուկյանը երկրում այն հատուկենտ մարդկանցից մեկն է, որոնք հակաճգնաժամային կառավարման փորձ ունեն։ Ավելին, հաջող փորձ։
Դա ուղիղ երկու ամիս առաջ էր։ Իրավիճակը երկրում շարունակում է ոչ միայն մտահոգիչ մնալ, այլև խորանում՝ մոտ ապագայի անհայտությամբ։ Այս խորապատկերին սնկի պես ծլում են քաղաքական գործիչներ, որոնք ապագա վարչապետի պաշտոնն ակնհայտորեն ընկալում են բնավ ոչ որպես մահապարտի ֆունկցիա, իսկ ստեղծված իրավիճակը՝ ընդամենը որպես իշխանական աթոռի համար պայքարելու հնարավորություն։ Դրանով իսկ վերածելով Փաշինյանի ու իր թիմի մեղքով երկրում տիրող քաղաքական և ազգային սուր ճգնաժամը սովորական նախընտրական (կեղծ)քաղաքական մրցակցության շարքային իրավիճակի։ Միանգամայն հնարավոր է, որ հենց դա է այդ գործիչների նպատակը, մանավանդ եթե հաշվի առնենք նրանց քաղաքական կենսագրությունը։
Ըստ էության, այդ գործիչների անուններն ինքնին խոսուն են։ Էդմոն Մարուքյան, որը եռանդագին ձգտում է իշխանության և, չնայած ընդդիմադիր երևալու իր բոլոր ճիգերին, միանգամայն հիմնավորված համարվում Փաշինյանի սքողված դաշնակիցը։ Տիգրան Ուրիխանյան, որն իր քաղաքական գործունեության 20 տարիների ընթացքում աչքի չի ընկել ոչ մի առանձնահատուկ բանով, բացի մի քանի կիսասկանդալային արտահայտություններից, որոնք ոչ մի կերպ չեն բնութագրում իր քաղաքական հայացքներն ու համոզմունքները։ Հասակակիցների քաղաքական կենսագրությունները (Մարուքյան 40 տարեկան է, Ուրիխանյանը՝ 41) բավական տարբեր են, բայց նմանություն ունեն մեկ բանում. երկուսն էլ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ պատմական անցյալ չունեցող և մեծ հաշվով գաճաճ կուսակցությունների հիմնադիր ու ղեկավար են։
Մարուքյանն այս տեսանկյունից ավելի շահեկան վիճակում է. նրա «Լուսավոր Հայաստանը», հիմնված լինելով ընդամենը 6 տարի առաջ, այսօր խմբակցություն ունի ԱԺ-ում։ Ուրիխանյանը, ինչպեսև Մարուքյանը, պատգամավոր է դարձել 2012 թվականին, բայց ունի ավելի հարուստ կուսակցական փորձ, սակայն ավելի շուտ կոնֆորմիստական բնույթի։ 2000 թվականին հիմնելով իր Առաջադիմական կուսակցությունը, նա 2011-2015թթ. ընդգրկված է եղել ծառուկյանական ԲՀԿ-ի քաղխորհրդում և զբաղեցրել այդ կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը, որի ցուցակներով էլ դարձել է պատգամավոր։ 2015-ին գլխավորել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որի գործունեության և վաստակի մասին հասարակայնությանը բացարձակապես ոչինչ հայտնի չէ։ 2018-ին պատգամավոր է ընտրվել կրկին ԲՀԿ-ի ցուցակով, այնուհետ դուրս եկել խմբակցությունից և այժմ ներկայանում է որպես անկախ պատգամավոր։ Իսկ մի քանի օր առաջ հանդիսավորությամբ հայտարարեց իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին։
Երիտասարդ քաղաքական գործիչների քաղաքական հավակնությունները նորմալ երևույթ են։ Եվ նույնիսկ հաշվի առնելով կառավարման փորձի ակնհայտ բացակայությունը, պետության ղեկավարի պաշտոնի նկատմամբ այդ երկուսի հավակնությունները սովորական իրավիճակում կարելի էր ընկալել այդ քայլի հեռանկարայնության ըմբռնումով։ Թեև նույնիսկ այդ դեպքում նրանց ունակություններն ու հմտությունները ոչ թե կուսակցության, ոչ թե խմբակցության, նույնիսկ ոչ նախարարության, այլ մի ողջ պետության ղեկավարման համատեքստում օբյեկտիվորեն կգնահատվեին որպես խիստ կասկածելի։ Քանի որ պետական կառույց ղեկավարելու փորձը երկուսի պարագայում էլ զրոյական է։ Նույնիսկ կարելի է ասել՝ մինուս զրո, քանզի ո՛չ Մարուքյանը, ո՛չ Ուրիխանյանը իրենց քաղաքական կարիերայի ընթացքում որևէ անգամ նկատված չեն եղել թեկուզ բաժնի կամ գերատեսչության մակարդակի պետական կառույց կառավարելու մեջ։
Բայց երկուսն էլ սաստիկ ցանկանում են դառնալ աղետալի վիճակում գտնվող երկրի վարչապետ։ Այն երկրի, որի անվտանգությանը սպառնացող վտանգը շատերը համեմատում են ճակատագրական 1915 թվականի հետ, որի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ պատերազմից և Հայրենիքի զգալի մասի կորստից հետո։ Որի հասարակությունը պառակտված ու մասնատված է բազմաթիվ մանիպուլյացիաներով և գրեթե երեք տարի շարունակ ապրում է «նոն-ստոպ ստրես» ռեժիմով։ Եվ թե երբ կլինի այդ «ստոպ»-ը, ոչ մեկին հայտնի չէ, քանզի ցնցումների վերջը դեռ չի երևում։ Այդուհանդերձ այդ երկուսը, չունենալով պետական կառավարման և առավելևս հակաճգնաժամային մենեջմենտի չնչին իսկ փորձ, նկրտում են զբաղեցնել թափուր մնալու ենթակա աթոռը։
Միայն թե ճանկեն ղեկը. լոկ այս մտքին ես հանգում՝ չնայած հենց նույն Մարուքյանի բարձրացրած խնդիրների հրատապությանը։ Այո, նա խոսում է այն մասին, ինչը հուզում է հասարակությանն ու երկրին, բայց հաշվի առնելով նրա ախորժակը, մի տեսակ չես հավատում ո՛չ իր՝ ԼՀ նախագահի, ո՛չ էլ իր թիմակիցների անկեղծությանը։ Որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ երկրի առջև ծառացած խնդիրների բարդության իրական գիտակցումը պետք է հանգեցներ Մարուքյանին ու իր թիմին բոլորովին այլ եզրակացության, քան այն համոզմունքը, թե ինքը և միմիայն ինքը կարող է դուրս բերել երկիրը փաշինյանական ճահճից։ Իսկ ամենակարևորը՝ չկա իրական գիտակցումն այն փաստի, որ պետության կառավարման փորձով, հմտություններով և կարողությամբ նույնքան զրոյական աստիճանով օժտված թիմի և ղեկավարի իշխանության գալն այս պետությանը արդեն հանգեցրել իրական ողբերգության։ Կամ էլ մնում է ենթադրել, որ այդ գիտակցումը կա, բայց իշխանության հասնելու սաստիկ ցանկությունը խլացնում է թե՛ բանականության, թե՛ խղճի ձայնը։
Քանզի երկրին օգնելու և նրան առավելագույնս օգտակար լինելու անկեղծ ձգտումը կհանգեցներ այլ որոշման։ Անգամ եթե ոչ ընդդիմության միասնական թեկնածուին անվերապահ աջակցություն ցուցաբերելու, ապա գոնե այն պարզ փաստի ճանաչման տեսքով, որ երկիրը կարող է փրկել միայն համապատասխան և բավարար փորձ ունեցող մարդը։ Ուրիխանյանի մասին այս համատեքստում խոսելն անգամ անիմաստ է, այնքան զավեշտալի ու կոնյուկտուրային է նրա առաջադրվելը։
Տվյալ դեպքում, սակայն, այնքան էլ կարևոր չեն թե՛ մեկի, թե՛ մյուսի անձնական հատկանիշները, հավակնություններն ու երևութական հնարավորությունները։ Երկրում տեղի ունեցող գործընթացների խորքային ողբերգականությունը, որոնց արդյունք է դառնում «մինուս զրո» մակարդակի փորձառությամբ թեկնածությունների առաջադրումը, պետականության համար աղետալի իրավիճակը շարքային, ճղճիմ, սովորական դրության հավասարեցնելու ակնհայտ ձգտման մեջ է։ Ձևացնելու, թե ոչինչ չի պատահել, թե չեն եղել չնչին փորձ անգամ չունեցող դիլետանտների ու տգետների ապաշնորհ կառավարման, սերունդների ու տասնամյակների ընթացքում ձեռք բերված ամենի հանցավոր փոշիացման գրեթե երեք տարիները։
Ձևացնելու, թե չեն եղել սարսափելի պատերազմը, մարդկային ու տարածքային վիթխարի կորուստները, 10-միլիոնանոց հայությանը մեկուկես ամիս շարունակ հրամցվող հրեշավոր ստերը, և չկան կարևորագույն ու դեռևս անպատասխան մնացած բազմաթիվ հարցերը։ Թե իրավիճակը նույնն է, ինչ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Եվ երկիրն էլ առաջվանն է. կայուն, չափավոր զարգացած, չափավոր անվտանգ, բավականին հեղինակավոր և տարածաշրջանում ու աշխարհում քաղաքական կշիռ ունեցող։ Եվ կարող է իրեն թույլ տալ կրկին փորձարարությամբ զբաղվել՝ հագուրդ տալով երկրի կառավարման որևէ փորձից զուրկ բացարձակ զրոների ցանկություններին ու ախորժակներին։
Մեզ պարզապես ուզում են ներշնչել այն միտքը, թե Նիկոլի հեռանալուց հետո ամեն ինչ կվերադառնա բնականոն հուն և խնդիրները կլուծվեն ինքնըստինքյան։ Իսկ եթե չլուծվեն, Աստված դրանց հետ, ինչ-որ կերպ յոլա կգնանք։ Հենց ինչ-որ կերպ. Ռուսաստանի թևի տակ, համակերպվելով Արցախի կորստին, մոտ 5 հազար հայրենակիցների մահվանը, համակերպվելով ընդամենը տարածաշրջանային, նույնիսկ ոչ եվրոպական ստատիստների դերին, որոնցից բացարձակապես ոչինչ կախված չէ։ Եվ անդեմ ստատիստներ ունենալով ոտնակոխ արված ու նույնքան անդեմ դարձած ձևական պետության ղեկին։