Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, տեղեկացնում է News.am:

 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»: