ՄԻԵԴ-ը դիմումներ է ստացել Հայաստանից և Ադրբեջանից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

2021 թվականի հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Դատարանը հայցեր է ստացել Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի և Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործերով, ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

Ավելի վաղ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 27-ին, Դատարանը խնդրանքներ էր ստացել Հայաստանից և Ադրբեջանից ապահովական միջոցների կիրառման մասին: 2020-ի սեպտեմբերի 29-ին Դատարանը ժամանակավոր միջոցներ տրամադրեց:

Համարելով, որ զարգացող իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է ստեղծում` Դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ ցանկացած միջոցառումներից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են քաղաքացիական անձանց` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման հանգեցնել:

2020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ Դատարանը պարզաբանել էր, որ պետությունները նաև պարտավոր են հարգել այն մարդկանց` կոնվենցիայիով նախատեսված իրավունքները, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում, և նրանց, ում իրավունքները հակառակ դեպքում կարող էին ոտնահարվել:

Բացի այդ, Դատարանը բազմաթիվ հայցեր է ստացել է 39 Կանոնի համաձայն ենթադրյալ գերիների վերաբերյալ, որոնք ներկայացվել են Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններից, գերիների կամ գերիների հարազատների կողմից:

Ստացված հայցերը վերաբերում են 241 մարդու` 228 հայի և 13 ադրբեջանցու: Դատարանը պատասխանող կառավարությանն առաջարկել է տեղեկատվություն տրամադրել համապատասխան անձանց վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Դատարանը կա՛մ կասեցրել է գործի քննությունը 39-րդ Կանոնի համաձայն, երբ պատասխանող պետությունը տեղեկություններ է տրամադրել իրենց գերիների մասին, կա՛մ կիրառել է 39-րդ Կանոնը, երբ Կառավարությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրել կամ ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տրամադրել:

Վերոհիշյալ միջպետական դիմումները պնդումներ են պարունակում պատասխանող պետությունների կողմից Կոնվենցիայի տարածված խախտումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում` պատահական հարձակումների խաղաղ բնակիչների, ինչպես նաև քաղաքացիական և պետական գույքի և ենթակառուցվածքների վրա, մահապատիժների, դաժան վերաբերմունքի զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ, ռազմագերիների գերեվարման և պատերազմից տուժած տարածքներում քաղացիական բնակչության բռնի տեղահանման մասին:

Ադրբեջանը հավելյալ հայտարարում է, որ «1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում խախտումների համար, այդ թվում` հարյուր հազարավոր ադրբեջանցիների` իրենց տներից շարունակվող տեղահանման, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի և առանց պատշաճ քննության նրանց անհետացման, մշակութային և կրոնական ունեցվածքի ոչնչացման համար»: