Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10%

Հայաստանում տնտեսական անկումը կկազմի ավելի քան 10%, պետական պարտքի չափը կգերազանցի 9 միլիարդ դոլարը: Այս մասին փետրվարի 4-ին News.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա պարզաբանեց, որ տնտեսությունը հետընթաց է ապրում, և այս իրավիճակում դրական միտումներ նկարագրելը բավականին բարդ է:

«Չեմ կիսում Հայաստանի ֆինանսների նախարարի կանխատեսումները 3,2% մակարդակով տնտեսական աճի վերաբերյալ: Նման համարձակ կանխատեսումներ կարելի է անել միայն նախորդ օրվա համեմատությամբ կամ, օրինակ, հասարակությանը մոլորության մեջ գցելու նպատակով: Երկրում տնտեսական իրավիճակն այսօր զարգացման նույնիսկ չնչին նշաններ ցույց չի տալիս»,- ասաց Բոստանջյանը:

Փորձագետը վստահություն հայտնեց, որ, ընդհակառակը, անկում է լինելու, և դա կապված է համավարակի և պատերազմի բացասական հետևանքների հետ, որոնք հանգեցրել են տնտեսական գործունեության սահմանափակումների:

«Առանց այդ էլ մեր շրջանառությունը մեծ չէր: Իրավիճակը բարդանում է պետական կառավարման համակարգի չափազանց ցածր արդյունավետությամբ: Այս ամենը կհանգեցնի նրան, որ Հայաստանում կարող են տնտեսական անկման երկնիշ ցուցանիշներ գրանցվել, ավելի քան 10%»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա դրա չափը, ըստ փորձագետի, կգերազանցի 9 միլիարդ դոլարը:

Բոստանջյանը հիշեցրեց, որ կառավարությունը 750 միլիոն դոլարի չափով եվրապարտատոմսեր է թողարկել, և դա նույնպես պարտք է:

«Մենք արդեն համակերպվել ենք պարտքի հետ, բայց խնդիրն այն է, որ փողը գնում է ընթացիկ ծախսերը հոգալու համար, մինչդեռ պարտքի ինստիտուտը նախատեսված է կապիտալ ծրագրերի իրականացման միջոցով գործունեության նոր տեսակներ ստեղծելու համար»,- բացատրեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երկրի ազգային պարտքի չափը կարող է մոտենալ 8,9 միլիարդ դոլարի: Նա հավելել էր, որ 2021 թվականին Հայաստանում կանխատեսվում է 3,2% տնտեսական աճ։

News.am