Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԲ-ԻՑ
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը օրեր առաջ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասուլիսում ասաց, որ ռազմական տեսուչի պաշտոն է ստացել, որը նախկինում իմաստալից էր, հանրավորություն էր տալիս երկրի ղեկավարին վերահսկել Զինված ուժերը։
«Նախկինում նախագահին կից էր, հետո խորհրդարանական համակարգի այցելուց հետո՝ վարչապետին կից պաշտոն էր։ Իմաստն այն էր, որ բանակից անկախ մարդ, մասնագիտությամբ բարձրաստիճան զինվորական, վերահսկեր Զինված ուժերը։
Իշխանափոխությունից հետո տարօրինակաբար տեսուչին դարձրեցին պաշտպանության նախարարին ենթակա, ինչը լրիվ անիմաստ է դարձնում այդ պաշտոնը։ Այսինքն, ենթական չի կարող իր վերադասին օբյեկտիվ վերահսկել ու ստուգել։ Այդ ինստիտուտի իմաստը կորավ ու դարձավ պատվավոր թոշակի պես մի բան։
Տվյալ դեպքում կարելի է ասել Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի կամ վճարովի արձակուրդ են ուղարկել։
Դրանից ի՞նչ է բխում, արդյո՞ք նա դրանից հետո ինչ որ բանի մասին, կխոսի, ... Բայց ակնհայտ է, որ արդեն օբյեկտիվ խոսակցություն դժվար լինի»,- ասաց նա։
Կ. Վրթանեսյանի խոսքով, պատերազմի հետ կապված Ջալալ Հարությունյանին էլ բավականին հարցեր կան տալու։
«Պատերազմը ցույց տվեց, որ նա պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնի համար բավականաչափ փորձ ու հմտություն չուներ։ Հայաստանի ներկա իշխանությունները, Փաշինյանը, ենթադրում եմ, ելնելով անձնական սիմպատիաներից, անձամբ ճանաչելու հանգամանքից և այլն, շտապեց հեռացնել նախկին հրամանատարին, որն ավելի մեծ փորձ ուներ, եղել է նաև Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, ավելի լայն պատկերացում ուներ պաշտպանական համակարգի մասին ու նշանակել Հարությունյանին։ Ինչպես տեսանք՝ այդ նշանակումն իր բացասական դերը թողեց պատերազմի ընթացքի վրա»,- ասաց ռազմական փորձագետը։
Նա նշեց՝ գեներալները լռում են, քանի որ ոմանք շարունակում են կառչել իրենց պաշտոններից, մյուսները, կարող է, համարում են, որ իրենց ասելու ժամանակը չի եկել, առաջնային հարցեր, խնդիրներ կան։
«Եթե տեսնեի բանակի վերազինման, բանակաշինության ուղղությամբ ակտիվ գործողություններ են վարվում, այդ տեսակետը գուցե կիսեի, բայց նման բան չեմ տեսնում։
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են ոչ միայն Արցախի պաշտպանության բանակից ազատվել որպես բալաստ, նաև առավելագույնս կրճատել ՀՀ Զինված ուժերը և գուցե անունը մնա Զինված ուժերի, բայց իրականում ավելի շատ ոստիկանական ուժեր լինի, որի միակ խնդիրը կլինի երկրի իշխանությունը պահելը։
Մենք արդեն տեսանք նման դեպքեր, երբ ժամկետային զինծառայողներին, ռազմական ինստիտուտների կուրսանտներին ներգրավել էին Փաշինյանի առանձնատան զինված պաշտպանությանը։
Գուցե ֆորմալ առումով օրենքի խախտում չէ, բայց զուտ բարոյահոգեբանական տեսակետից խայտառակություն է»,- նշեց Վրթանեսյանը։
Նա Զինված ուժերում այժմ առկա իրավիճակը գնահատում է խիստ բացասական, զարգացումները՝ վտանգավոր։
«Այնպիսի տպավորություն է, դատելով գործողություններից, որ Հայաստանի իշխանությունները նաև Հայաստանի անվտանգության խնդիրն իրենց վայից գցել են այն հույսով, որ ռուսական զինվորականները մեզ ինչ-որ ժամանակ կպահեն, հետո էլ երևի, ենթադրում են, շատ բարիդրացիական հարաբերություններ կունենան Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սխալ հաշվարկ է։
եր տարածաշրջանում որևէ երկիր, որ չունի ինքն իրեն արդյունավետ պաշտպանելու հնարավորություն, այդ պետություն ուղղակի չի կարող գոյություն ունենալ»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։