Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել։ Նա նման կարծիք հայտնեց այսօր, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Արտախորհրդարանական ընդդիմության կողմից մեր` արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին` իշխանափոխությանը, ապա այն հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Դրանով է պայմանավորված եղել, որ ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել»,–ասաց Մակունցը։

Խոսելով հետագա անելիքների մասին` Մակունցը նշեց, որ շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները, և դրանք ամփոփելիս կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։ Մակունցը վստահեցնում է` քաղաքացիների հետ իրենց շփումները չեն հաղորդել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի ազդակներ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցնում է` իրենք կողմ էին, կողմ են և չէին առարկում քննարկել արտահերթ ընտրություններին առնչվող հարցերը։ «Ձեր դժգոհությունն ու մտահոգությունն ուղղեք ընդդիմությանը, թե ինչու չեն քննարկել և քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»,–ասաց Մակունցը, տեղեկացնում է Sputnik Armenia։