ԵԹԵ ՀԱՅԿՈՆ ԲԵՐԱՆԸ ԲԱՑԻ, ՆԻԿՈԼԻՆ ՔԻՉ ՉԻ ԹՎԱ
Փետրվարի 9-ին, ինչպես արդեն հաղորդվել է, տեղի կունենա մայրաքաղաքի ավագանու խորհրդի նիստը, որին նախորդել են պրոֆիլային հանձնաժողովների նիստերը: Այդ հանձնաժողովները կտրականապես մերժել են մի շարք որոշումներ, որոնց ընդունման հարցում շահագրգռված էր քաղաքապետը, ինչից հետևում է, որ Հայկ Մարությանի և վարչապետի միջև տարաձայնություններն անդառնալի բնույթ են ստացել։
Ստացվեց ինչպես «Ակադեմիա» դուետի հայտնի երգում. «Չմոտենաս ինձ, ես նեղացե՛լ եմ»։ Մայրաքաղաքի քաղաքապետն արդեն մի քանի ամիս է չի խոսում վարչապետի հետ։ Գժտության պատճառը հստակ նշել ոչ ոք չի կարող. ասենք՝ կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ Մարությանին վերջերս ծեծի են ենթարկել իր իսկ էլիտար տան հարևանները։ Վնասվածքաբանության բաժանմունքում հայտնվելուց քաղաքապետին փրկել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Դրա համար Բաբայանից նեղացել են ոչ էլիտար շենքերի բնակիչները, որոնք ձնակուտակների ու մերկասառույցի օրերին հաճախ էին հիշատակում Մարությանին «բարի, քնքուշ խոսքով»։
Մարությանը փորձեց ուժեղացնել իր դիրքերը մայրաքաղաքի համայնքներում՝ թափուր տեղերում նշանակելով իր մարդկանց, սակայն այդ փորձերը կասեցվեցին ավագանու խորհրդում իշխող մեծամասնության կողմից։ Նիկոլն աջակցություն չցուցաբերեց քաղաքապետին, իսկ իրավաբանները կառավարությունում քննարկում էին ռազմական դրության պայմաններում քաղաքապետին պաշտոնանկ անելու հնարավորությունը։ Հայտնի է, որ ռազմական դրության պայմաններում անհնար է վարչապետի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, բայց չէ՞ որ մայրաքաղաքի քաղաքապետն այնքան էլ մեծ թռչուն չէ. սակայն իրավաբանները, դատելով ամենից, այլ որոշման են հանգել։ Խնդիրն արդեն ահագնացել է՝ հասնելով աներևակայելի մասշտաբների. շոումեն քաղաքապետը հրաժարվում է հոժարակամ հեռանալ պաշտոնից և իր համառությամբ չի զիջում վարչապետին։ Երկուսն էլ կառչած են իրենց աթոռներին ճանկերով ու ատամներով։
«Իմ քայլը» խմբակցությունը մայրաքաղաքի ավագանիում բացահայտ քամահրում է Մարությանին և ամեն կերպ հասկացնել տալիս, որ չի ցանկանում աշխատել նրա հետ։ Օրերս Մարությանը նախաձեռնել էր մի շարք նյութերի հրապարակում մամուլում։ Դրանցում, հղում անելով անանուն աղբյուրներին, նշված էր, որ Փաշինյանին անհաճո քաղաքապետը պատրաստ է լքել իր պաշտոնը՝ Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի դիմաց։ Հայտնի է, որ Չեխիայում բնակվում են նրա կնոջ հարազատները, ուստի Մարությանը Նիկոլին հասկացրեց, որ քաղաքապետի պաշտոնից կհեռանա միայն դիվանագիտական աշխատանքի անցնելու առիթով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչով է Հայկոն պակաս Լիլիթ Մակունցից։
Արդեն լուրեր են շրջում, որ Հայկոյի հրաժարականի դեպքում մեծամասնությունն ավագանու խորհրդում նոր քաղաքապետ է առաջադրելու Արմեն Կոտոլյանին։ Իսկապես, ինչո՞ւ վարչապետը Հայկոյին չնշանակի դիվանագիտական աշխատանքի։ Սկզբում Փաշինյանը պատրաստ էր համաձայնել Մարությանից ազատվելու այդ սցենարին, բայց հետո որոշեց գնալ այլ ճանապարհով։ Բացառված չէ, որ քաղաքապետի դեմ լուրջ մեղադրանքներ առաջադրվեն չարաշահումների առնչությամբ։ Միայն թե Մարությանը չգիտես ինչու չի վախենում այդ մեղադրանքներից…
Բանն այն է, որ շոումեն քաղաքապետն ու դավաճան վարչապետը կապված են նույն պարանով, և քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում Կարգին Հայկոն կարող է շատ հետաքրքիր բաներ պատմել Փաշինյանի հետ համատեղ խարդախությունների մասին։ Մեկ անգամ չէ, որ տեղեկացրել ենք մեր լսարանին. քաղաքապետն այնքան է վախենում կորոնավիրուսից, որ անընդհատ արձակուրդ է գնում, իսկ աշխատավայրում ոչ մեկի հետ չի շփվում։ Բանն այնտեղ է հասել, որ քարտուղարուհին փաստաթղթերը նրան փոխանցում է աշխատասենյակի դռան տակից։ Այդուհանդերձ վախկոտ Հայկոն բոլորովին չի վախենում Նիկոլից և մտադիր չէ հրաժարական տալ։ Այդ կապակցությամբ ավագանու մեծամասնությունն արդեն պատրաստվում է բազմաթիվ «հաճելի պահեր» պատճառել քաղաքապետին, նույնիսկ հեռուստաալիքներին են տեղեկացրել, որ վերջիններս բաց չթողնեն շոուն։
Իշխող մեծամասնությունը կամակորության տոն է կազմակերպելու քաղաքապետի համար։ Նիկոլը նման միջոցառումների մեծ վարպետ է։ Մարությանին հարցեր են ուղղվելու միկրոավտոբուսների, բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ձնահավաք մեքենաների և փողոցային առևտրի վերաբերյալ: Բացառված չէ, որ շնորհազրկված քաղաքապետին հենց տեսախցիկների առջև մեղադրեն պաշտոնեական լիազորությունների չարաշատման և կոռուպցիայի մեջ. թեպետ, փաստ չէ, որ շոուն տեղի կունենա առաջին իսկ օրը։ Նիկոլն առայժմ սպասում է, թե Հայկոն խելքի կգա ու հրաժարական կտա առանց սկանդալի, բայց Հայկոն սկանդալից չի վախենում, ուստի շոուն արդեն մոտ է։
Գերիների հարցերն ու Արցախում ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացածների ու վիրավորների սոցիալական աջակցության խնդիրները լուծելու փոխարեն, Նիկոլը գլխովին խորամուխ է եղել նախկին ընկերոջ հետ հաշիվներ մաքրելու մեջ։ Վարչապետին շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայկոն լավ տեղեկացված է և ցանկացած պահի կարող է հրապարակել Փաշինյան ընտանիքի հարստացման և բազմաթիվ այլ փաստեր։ Եթե Հայկոն որոշի բերանը բացել, ապա Նիկոլին քիչ չի թվա։ Չի բացառվում, որ տեսանելի հեռանկարում Հայկոյին կրկին ծեծեն, իսկ Բաբայանը մոտակայքում չլինի…