Արցախի ԱԳՆ-ը պարզաբանել է մուտքի վիզաներ ստանալու նոր կանոնները

Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նոր կարգի վերաբերյալ:

Ինչպես նշվում է մեկնաբանության մեջ, անվտանգության նկատառումներից ելնելով, օտարերկրյա քաղաքացիները պետք է նախապես դիմում ներկայացնեն՝ Արցախ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ գործում է վիզային ռեժիմը, այնպես էլ առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիների վրա։

Հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ռուս խաղաղապահ ուժերին՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները:

Հայտերը հաստատելուց հետո դիմումներ ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները վիզաներ կստանան Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ:

Ինչ վերաբերում է ժամկետներին, աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ: Մուտքի թույլտվությունը կտրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Իհարկե, երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, ինչի մասին կտեղեկացվի օտարերկրյա պետության քաղաքացին:

Մեխանիզմը ներդրման փուլում է գտնվում։ Անցած մի քանի օրերի ընթացքում այս կարգի համաձայն մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մուտք են գործել Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է News.am: