Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում

Սյունիքի մարզպետարանը վստահեցնում է` մարզի Շուռնուխ գյուղում կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։

Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը։ Ավելին, News.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր` Շուռնուխում բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի։

«Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, մարզպետարանը հայտնում է, որ սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ, տեղեկացնում է Sputnik Armenia։