Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսօրվա ասուլիսի ընթացքում ներկայիս իշխանությունների քաղաքականությունը որակեց որպես ապազգային, նշելով՝ իշխանության կողմից առաջ են քաշվում թեզեր, որոնք լայն տարածում են գտնում ադրբեջանական մամուլում:

«Հանրության ինքնապաշտպանական բնազդները և զգոնությունը հետևողականորեն բթացվում են և ներմուծվում են հանրության մեջ թեզեր, մտքեր, գաղափարներ, որոնք խորթ են մեզ համար: Ադրբեջանական և թուրքական քարոզչության թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ մերժել ենք, հերքել ենք և պայքարել այդ ապատեղեկատվության դեմ միջազգային հարթակներում, այսօր մեր իշխանությունները փորձում են մեզ հրամցնել այդ թեզերը: Օրինակ՝ Շուշին, Շուշա անվանել, հարցարդրումներ անել արդյո՞ք Շուշին հայկական է, այսինքն՝ ինչ-որ մեկի մոտ կարող է նման հարց առաջանալ: Ադրբեջանը վերցնում է այդ կոնտենտը, տարածում է իր մոտ և ասում՝ տեսեք, Հայաստանի ղեկավարությունը մեր թեզերով է առաջնորդվում, կրկնում է այն, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ»,- ասաց Էլիբեգովան:

Ըստ փորձագետի՝ անգամ ներկայիս իշխանության գնալուց հետո այդ թեզերը դեռ երկար տարիներ շահարկվելու են ընդդեմ մեզ:

«Ենթադրենք այս իշխանությունը դատվեց, գնաց և այլն, բայց մենք մնում ենք և շարունակում ենք ապրել, իսկ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը չի ավարտվել, և միջազգային հարթակներում կարող են ամեն անգամ մեզ դեմ տալ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի անհեթեթ ինչ-որ մեկնաբանություններ: Որևէ գիտակից, արժանապատվություն ունեցող, իր պատմությունը ունեցող չի կարող ընդունել նման թեզեր և առաջնորդվել դրանցով, այսինքն դա աբսուրդի գագաթնակետն է, երբ մենք մեր հասարակության ներսում մեր իսկ իշխանություններին պետք է բացատրենք՝ ինչու են իրենք խոսում հիմարություններ»,- ասաց Էլիբեգովան:

Անժելա Էլիբեգովան հավելեց՝ ադրբեջանցիները շարունակում են պատրաստվել պատերազմի և այսքանով չեն սահմանափակվելու:

«Մեր հանրության լայն շրջանակները չեն համակերպվում այս իրականության հետ և պատրաստվում են հաջորդ պատերազմին, քանի որ հասկանում են՝ Ադրբեջանը այսքանով չի սահմանափակվի, մենք պետք է արձանագրենք, որ եթե Ադրբեջանը իր ռազմական բյուջեն է ավելացնում, զորավարժություններ անում, իսկ ռազմական փորձագետները մանրակրկիտ դրա մասին խոսում են և բացատրում, համագործակցության նոր փաստաթղթեր է պատրաստում, պատերազմը անխուսափելի է, նրանք այսքանով չեն բավարարվելու»,- մեկնաբանեց բանախոսը:

Էլիբեգովան հավելեց՝ Ադրբեջանում կա հետպատերազմյան էյֆորիա, իսկ Ալիևը վախենում է ռևանշից և Հայաստանում իշխանափոխությունից: «Ադրբեջանում դեռ կա հետպատերազմյան էյֆորիան և երկար կտևի դեռ, քանի որ 26 տարի այդ հաղթանակին էին գալիս և սերունդներ դաստիարակում: Ճիշտ է, ոչ լիարժեք, բայց ստացան և համարում են՝ ամբողջ Արցախը չստացան: Ալիևը վախենում է ռևանշից և հույս ունի՝ ներկայիս իշխանությունները դեռ երկար կմնան, նա իր տարբեր հայտարարություններում խոսեց այդ թեմայի մասին և հիմա Ալիևին օդ ու ջրի պես պետք է, որ ներկայիս իշխանությունները երկար մնան իշխանության գլուխ, քանի որ շատ պունկտուալ կերպով կատարվում են բոլոր պահանջները, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Անժելա Էլիբեգովան նաև անդրադարձավ օկուպացված տարածքներում փախստականների բնակեցման հետ կապված իրավիճակին. «Նրանք, ովքեր կհրաժարվեն վերադարձից փախստական կարգավիճակով, կզրկվեն Ադրբեջանում բոլոր արտոնություններից, մեծ մասը կփորձի արտագաղթել Ադրբեջանից, այստեղ 2-րդ խնդիրը գիտակցելով՝բացի սպառնալուց նշում են՝որոշ ժամանակ անց այնտեղ թույլ են տալու բնակվել բոլորին, ովքեր ուզում են և դա կտևի տարիներ, այստեղ շատ կարևոր է մեր աշխատանքը, մենք պետք է շտապենք և թույլ չտանք՝ այնտեղ բնակեցվեն սիրիացի վարձկանները, քանի որ Ալիևը կազատվի այդ գլխացավանքից, իսկ մենք ստիպված կլինենք ապրել սիրիայից եկած վարձկանների կողքին»,- մեկնաբանեց փորձագետը:

Ադրբեջան ի հարցերով փորձագետը անդրադարձավ գերիների վերադարձի խնդրին, նշելով՝ ադրբեջանական կողմը հասավ իր ուզածին՝ ետ վերադարձվեցին դիվերսանտները, այդքանով խնդիրը փակված է:

«Մեր գերիների թեման նրանք սկզբից փիառ արեցին, ցույց տվեցին, թե փոխանակում են անում, բայց իրենց պետք էին այդ 2 դիվերստանտները ու գերիների թեման իրենց համար այդքանով ավարտվեց: Նախ անհասկանալի պատճառներով մեր կողմը ունի քիչ ադրբեջանական գերիներ և այդ հարցը կպարզվի դատական հետաքննության շրջանակներում: Մենք փաստացի ունենք Ռուսաստանից եկած ինֆորմացիա, որ ադրբեջանցիներ հայտնվում են հայկական կողմում, իսկ Հայաստանը նրանց ուղղակի հանձնում Է Ադրբեջանին առանց նախապայմանների և այլն»,- հայտնեց Էլիբեգովան:

Նա հավելեց, որ Ալիևը այլ թեզեր է առաջ քաշում՝ իր ներքին լսարանին հանգստացնելու համար:

«Ադրբեջանը իր ներքին աուդիտորիային ասում է՝ դե վերջ, հանգստացեք, մենք հաղթեցինք, դուք էլ հարցեր մի տվեք: Օրինակ՝ ինչո՞ւ են մեր տարածքում ռուս և թուրք զինվորներ, ինչո՞ւ մենք չենք բարձրաձայնում մեր ինքնիշխանության հարցը և այլն: Ներքին աուդիտորիային հանգստացնելու համար՝ առաջ են քաշվում նաև այլ թեզեր՝ Երևան, Սյունիք, Գեղարքունիք, այսպիսի պլաններ ունենք»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Բանախոսը նաև նշեց՝ պայքարը դեռ ավարտված չէ և պետք է այլ թեզեր առաջ քաշել և հասկացնել՝ հայկական կողմը շարունակելու է պայքարը:

«Հիմա մենք պետք է մեր թեզերով հասկացնենք՝ սա դեռ վերջը չի, հայկական հանրությունը այս իրավիճակի հետ չի համակերպվում: Ադրբեջանը ամեն ինչ անելու է՝ քարոզչություն, մանիպուլյացիա, որ ՀՀ ներկայիս իշխանությունը դեռ երկար մնա, նրանք վախենում են նոր իշխանությունից կամ վերածնունդից: Ամեն ինչ անելու են, որ հայերը լինեն թույլ, ընկճված, պարտված, գլուխներս կախ, իսկ իշխանությունը մեզ թևաթափ անի»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Tert.am