ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Նկատի առնելով մոսկովյան հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանի արծարծած հայոց ազգային պետականության գոյաբանական մարտահրավերների արդիականությունը, կարևոր եմ համարում արձագանքել Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացման և անվտանգության համար կիսանախագահական կառավարման եղանակի նախընտրելիության վերաբերյալ նրա դիտողություններին(1):
Ինչպես գիտենք, նախագահ Քոչարյանը 1998 թվականին ընտրվելուց հետո ծավալեց իշխանության բարեկարգման ճարտարապետության սահմանադրական բարեփոխումը։ Նախագահական մոդելից կիսանախագահականի անցման վերաբերյալ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ մշակված արդյունքները հանրաքվեի դրվեցին 2005 թվականին։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում են քաղաքաբան-պետականագետները, կիսանախագահական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխություններն իրականացվել են 2007-2008 թվականներին(2)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ Հիմնական օրենքի նոր խմբագրումը՝ համաձայն պետՃարտարապետության կառուցվածքի կիսանախագահական մոդելի, ավելի մեծ հավասարակշռություն ապահովեց իշխանության ճյուղերի միջև փոխհարաբերություններում, ավելի հստակ սահմանեց նախագահի լիազորությունները, ինչպես նաև գործողությունների ավելի մեծ ազատություն տվեց վարչապետին, կառավարության անդամներին և իրավադատությանը: Իր ամբողջության մեջ՝ անցումը կիսանախագահական համակարգին Հայաստանում նպաստեց ՀՀ Ազգային ժողովի լիազորության, ինստիտուտայնացման առաջմղմանը։ Ամփոփելով մոսկովյան հարցազրույցում Քոչարյանի արտահայտած դատողությունները՝ կարելի է եզրակացնել, որ անցումը կիսանախագահական պետկառավարմանը միտված էր ՀՀ ազգային և միջազգային անվտանգությանը սպառնացող քաղաքական ճգնաժամերի կանխմանն ու արդյունավետ հաղթահարմանը։
Արժանին մատուցելով Քոչարյանի հիշատակած կիսանախագահական մոդելին՝ անհրաժեշտ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել իշխանության խորհրդարանական ճարտարապետության և անվտանգության ճանաչված արդյունավետության վրա՝ Իսրայել պետության օրինակով(3)։ Ներքաղաքական հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև արտաքին սպառնալիքների հաջող հաղթահարման գործիքակազմն իսրայելական պառլամենտարիզմի մոդելում ապացուցել է իր արդյունավետությունը 72 տարի շարունակ. Կնեսետի գործունեության 4-ամյա տևողության պարագայում խորհրդարանի գումարման կենսագործունեության միջին տևողությունն Իսրայելի գոյության տարիներին բավականին բարձր է և կազմում է 3,5 տարի: Տվյալ դեպքում քաղաքական ճգնաժամերի կառավարման արդյունավետության պատճառը իսրայելական խորհրդարանական մոդելի համակարգայնությունն է, որն արտացոլում է հրեա ժողովրդի ազգային անվտանգության և կայուն զարգացման ռազմավարական շահերը ինչպես Իսրայելում, այնպես էլ ընդհանրապես Համաշխարհային հրեության համակարգում:
Իսրայելում իշխանության խորհրդարանական մոդելի ժողովրդավարականությունն աչքի է ընկնում բազմակարծության և կուսակցական մրցակցության բարձր քաղաքական մշակույթով՝ անդադար քննադատությամբ, սխալների բացահայտմամբ և դրանցից դասեր քաղելով ժողովրդավարական հրեական պետության կատարելագործման համար: Եվ, իհարկե, պետք է ընդգծել, որ Իսրայելի ժողովուրդը, գիտակցելով իր պատասխանատվությունը որպես իշխանության գլխավոր աղբյուր և օգտվելով արդյունավետ ժողովրդավարության գործիքներից, հնարավորություն ունի երաշխավորված իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Իսրայել պետության առջև քաղաքացիական պարտավորությունների շրջանակներում անելու ամեն անհրաժեշտը, որպեսզի Կնեսետում և այնուհետ կառավարության կազմում ընտրվեն առավել արժանի ներկայացուցիչներ:
ՀՀ երկրորդ նախագահի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ պետական կառուցվածքի իսրայելական մոդելի համապատասխանեցումը Հայաստանի ազգային և միջազգային անվտանգության ճարտարապետության առանձնահատկություններին իրականացվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Իսրայելում անցկացված հատուկ ստաժավորումների, դաշտային հետազոտությունների արդյունքում: Ադապտացման համար հենց Իսրայելի մոդելն ընտրելու գերադասելիությունը պայմանավորված է Հոլոքոսթի (Հայաստանի պարագայում՝ Ցեղասպանության) կրկնության գոյաբանական սպառնալիքի տրամաչափի համընկնությամբ, երկու պետությունների շուրջ արտաքին քաղաքական թշնամական միջավայրի գործոնի նմանությամբ, ինչպես նաև Համաշխարհային հրեության և Աշխարհասփյուռ հայության կազմում նշանակալի ռեսուրսներ ունեցող հայրենասեր սփյուռքի առկայությամբ։
Պարտքս եմ համարում Իսրայելում իմ ստաժավորման ընթացում կարևոր մասնագիտական խորհրդատվության համար շնորհակալություն հայտնել Կնեսետի պատգամավորներ Ց.Հանեգբիին և դոկտոր Ա. Ցինկերին, ինչպես նաև Կառավարման միջազգային ինստիտուտի (GIMI) անվտանգության մասնագետ-պետականագետներ գեներալ, դոկտոր Բ.Լևիին և GIMI-ի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, առաջին կարգի կապիտան Մ.Քեյնանին:
Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ (անվտանգության ռազմավարական հետազոտություններ) պրոֆեսոր, «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ունիտար Հայաստանում, որն ապահովում է իր անվտանգությունը Ցեղասպանության կրկնության սպառնալիքի ներքո, իշխանության բարեկարգման խորհրդարանական մոդելի հիմքում դրվել է ոչ թե Հոլոքոսթի չկրկնման անվտանգային հրամայական ու թշնամականությամբ համադրելի արտաքին անվտանգային միջավայր ունեցող ունիտար Իսրայելի, այլ Եվրոպայի բարեկամ պետություններով շրջապատված Գերմանիայի պառլամենտարիզմի ճարտարապետությունը։
1. Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Փաշինյանի, Ղարաբաղում պարտության մասին (տեսանյութ)։ «Լազարյան ակումբի» մոսկովյան տնօրինություն: Մոսկվա, 6 փետրվարի, 2021թ.
https://lazarevsky.club/analitika/vtoroy-prezident-armenii-rasskazal-v/
2. Ալեքսանդր Մարկարով. «Ինստիտուցիոնալ փոխակերպումը Հայաստանում 1990-2010թթ.», Երևան, « Բանբեր Երևանի համալսարանի», 156 (6), էջ 35-47, 2011թ.
http://ysu.am/files/05A_Markarov.pdf
3. Մարինա Գրիգորյան. «Խորհրդարանական հանրապետության անվտանգությունը. Իսրայելի մոդելը». Հարցազրույց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի հետ: Երևան, «Գոլոս Արմենիի», 9 փետրվարի, 2015թ.
https://www.golosarmenii.am/article/32127/bezopasnost-parlamentskoj-respubliki-model-izrailya