Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԻՆՉՈՒՄ Է ԻՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Վերջերս հանդիպեցի իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ: Նա պատմեց, որ «ոչ մամուլի համար» հատվածում Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպմանը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական առկա համակարգի փլուզմանը, բոլոր հաստատված դասավորությունների փոփոխությանը՝ Ադրբեջանին (և նրա դաշնակիցներին) բոլոր ուղղություններով զիջումներ անելով: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Եվ ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ` այդ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Երևան և վերադարձի՝ դեպի Սյունիք ճանապարհահատվածը վերահսկում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ադրբեջանցի զինվորները: Ավելին, նախարարը հենց Հայաստանի կառավարությանն է նախատել՝ խախտելու համար տարածաշրջանային բոլոր հավասարակշռությունները, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթմղոնանոց քայլերով ամբողջ տարածաշրջանը իր տիրապետության տակ կառնի:
Իրականում այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրականություններում: Դե-յուրե իրականությունը ձևավորվել է պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կազմաձևի շրջանակներում: Դե-ֆակտո իրականությունը ամեն օր տեղի է ունենում Արցախում և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին: Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին: Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրականությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, տարատեսակ խաբեբայություններով, մեր երկրի ու պետականության ավերման շարունակական գործընթացով, ինչը Նիկոլը վարպետորեն անում է ժողովրդի թիկունքում:
Այս երեք իրականությունները մեկ հատվում են, մեկ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը: Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետևանքները և հասկանանք որտեղ և ինչպես շարժվել: Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես կվերափոխվի մեր տարածաշրջանը և փորձենք գտնել մեր նոր տեղը դրանում: Ինչպիսին այն կլինի, եթե Նիկոլը իշխանության գլուխ մնա, մենք արդեն կարող ենք ամեն ինչ հստակ պատկերացնել»,- գրել է նա: