ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ
Նիկոլը շարունակում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» քաղաքականությունը
Հայկական սահմանամերձ համայնքների բնակչությունն արդեն 3 ամիս շարունակ բացահայտ տեռորի է ենթարկվում ադրբեջանցիների զինված խմբերի կողմից։
Կապանից դեպի Ճակատեն եվ այլ համայնքներ տանող ճանապարհին տեղադրված է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ՝ անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Սահմանի ողջ երկայնքով տնկած են ադրբեջանական դրոշներ, իսկ փետրվարի 4-ին հայկական ստորաբաժանումներն առանց որևէ բացատրության լքել են Ներքին Խնձորեսկ համայնքի բարձունքները, որտեղ անմիջապես հաստատվել են ադրբեջանցիները:
Ավելի ուշ ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկը տարածեց սահմանային դիրքերից մեկում արված տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչ սարսափելի պայմաններում են հայտնվել նրանք, ովքեր հսկում են Հայաստանի սահմանները։ Խղճուկ վրանում ձյան վրա քնած են զինվորներն ու սպաները՝ պատառոտված ծածկոցների տակ։ Այդպիսի քնի մի քանի ժամը կարող է հաշմանդամ դարձնել նույնիսկ ամենաառողջ մարդուն։ Այս տեսանյութից հետո բոլորը միանգամից հիշեցին Աննա Հակոբյանի ռեստորանային հաշիվների մասին՝ մերձավոր և հեռավոր արտերկրում, միաժամանակ նաև՝ ելակի, որ Փաշինյանը խոստանում էր ներառել զինվորական ամենօրյա սննդակարգում։
Դավաճան վարչապետը խորապես անտարբեր է ոչ միայն ադրբեջանական գերության մեջ հայտնվածների ճակատագրի, այլև սահմանամերձ համայնքների բնակչության և մեր սահմանների պաշտպանների կյանքի պայմանների նկատմամբ: Փաշինյանի և թուրք-սորոսոական հինգերորդ շարասյան քաղաքականության ադրբեջանա-թուրքական վեկտորը չի ենթադրում սահմանների պաշտպանություն, այն ենթադրում է սողացող բռնազավթման լուռ թողտվություն։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը շարունակում է «խաղաղություն՝ տարածքների դիմաց» քաղաքականությունը, միայն թե այս անգամ խոսքը ոչ թե յոթ շրջանների՝ գումարած Շուշիի և Հադրութի մասին է, այլ ինքնիշխան Հայաստանի տարածքի։ Այդ քաղաքականության մեջ չեն տեղավորվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործողությունները։
Թաթոյանը խոչընդոտում է պետական մեքենայի փլուզմանը
Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի և Կապան քաղաքի բնակիչները մշտապես նամակներ են ուղարկում օմբուդսմենին: Մարդիկ բողոքում են իրենց իրավունքների անթիվ խախտումներից, ֆիզիկական գոյությանը, գույքին ու տեղաշարժին սպառնացող մշտական վտանգից։
Մեծահասակների իրավունքների հետ մեկտեղ՝ խախտվում են նաև երեխաների իրավունքները, որոնք ամեն օր լսում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները կրակում իրենց տների ուղղությամբ: Համայնքների բնակիչներն ապրում են մշտական վախի մեջ՝ ենթարկվելով ադրբեջանցիների զինված ջոկատների ներխուժուման վտանգին, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ տեր ու տնօրեն են Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Սահմանամերձ համայնքների խնդիրների նկատմամբ բացարձակ անտարբերությունը մատնում է իշխող վարչակարգի շահագրգռվածությունը Սյունիքից բնակչության ելքի հարցում, որտեղ հայերի գաղթից անմիջապես հետո կգան ադրբեջանցիները։
Դավաճան վարչապետի սորոսական շրջապատը խիստ մտահոգված է նրանով, որ ՄԻՊ գրասենյակի ստորաբաժանումները օպերատիվ կերպով արձագանքում են սահմանամերձ համայնքների բնակիչների դիմումներին։ Այն, որ Արման Թաթոյանի շնորհիվ օմբուդսմենի ինստիտուտն այսօր գրեթե միակ գործող պետական կառույցն է, ընդունում են ընդդիմության և ոչ սորոսական հասարակական հատվածի բոլոր ներկայացուցիչները։ Թաթոյանն ու իր պրոֆեսիոնալ թիմը անուշադրության չեն մատնել բողոքներից ոչ մեկը, ուսումնասիրել են բոլոր փաստերն ու հաստատել դրանց համապատասխանությունն իրականությանը, ինչի մասին արդեն տեղեկացված են ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի և ԵԽ գլխավոր քարտուղարները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի հարցով համազեկուցողները:
Թաթոյանը քաղաքակիրթ հանրությանը ցույց տվեց հայ ժողովրդի նկատմամբ ատելության քարոզչությունը և ապացուցեց, որ այդ քարոզչությունն արտացոլում է պաշտոնական Բաքվի և Անկարայի դիրքորոշումը: Երկու երկրների իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հայերի մասին բացահայտ խոսում են էթնիկ զտումների և ցեղասպանության համատեքստում՝ միտումնավոր ոտնահարելով հայ ժողովրդի արժանապատվությունը։ Հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի անթաքույց կոչեր։ Օմբուդսմենը մատնանշել է նաև, որ սահմանամերձ համայնքների բնակչությունը գտնվում է խոշոր և մանր տրամաչափի զենքերից տարվող մշտական գնդակոծության տակ: Բնակելի տների ուղղությամբ ամեն օր կրակում են հարբած ադրբեջանցիները։ Կապանից Ճակատեն տանող ճանապարհին ամեն օր կարելի է հանդիպել զինված ադրբեջանցիների խմբերի։ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում սահմանների հստակեցման գործընթացը հանգեցրել է միջազգային նորմերի և մարդու իրավունքների խախտումների, հետևաբար՝ չի կարող լեգիտիմ համարվել։
Սահմանների մեխանիկական կոնկրետացման հետ կապված գործընթացներն իրականացվում են հայ բնակչության իրավունքների կոպիտ խախտմամբ, ուստի, ըստ օմբուդսմենի, իրավական ուժ չեն կարող ունենալ։ Թաթոյանը նշել է, որ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշոր համայնքներում տեղակայված են ադրբեջանցի զինվորականներ, իսկ սահմանների հստակեցման գործողությունները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, հետևաբար՝ ենթակա են անհապաղ դադարեցման կամ սահմանազատման սկզբունքների վերանայման: Թաթոյանը փաստացի դեմ է արտահայտվել դավաճան վարչապետի հռչակած «բանավոր ընկալման» հիման վրա տարածքների հանձնման սկզբունքին։ Կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո հայերի դեմ հանցագործությունները շարունակվում են, իսկ Թաթոյանն իր նամակներով ու զեկույցներով գրավում է միջազգային իրավական կազմակերպությունների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը: Նրա կազմած փաստաթղթերում ամփոփված է փաստերի և ապացույցների լուրջ բազա։
Այդ պատճառով էլ սորոսական գվարդիան չի դադարում ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի վերջինս նախաձեռնի Թաթոյանի պաշտոնազրկումը։ Քանի դեռ Թաթոյանը զբաղեցնում է օմբուդսմենի պաշտոնը, նրա գրասենյակի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ժամացույցի պես։ Դա չի տեղավորվում պետությունը փլուզելու վարչապետի ծրագրերի մեջ։ Պետական կառույցների համատարած կաթվածահարության խորապատկերին օմբուդսմենի գրասենյակը սպիտակ ագռավ է թվում։ Թաթոյանն իր գործողություններով խոչընդոտում է պետական մեքենայի փլուզմանը։
Միջազգային իրավական ատյանները տեղեկացված են
Թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը ներշնչում է Փաշինյանին, թե Թաթոյանը խանգարում է հայ-ադրբեջանական բարեկամության հաստատմանը: Իշխանական քարոզչամեքենան մշտապես մատնանշում է Մարդու իրավունքների պաշտպանի կապը պետության նախկին ղեկավարների հետ։
Ակնհայտ է, որ Թաթոյանը խանգարում է հայկական տարածքների հանձնման և հայ-թուրքական քաղաքականության թուրք-ադրբեջանական վեկտորի ամրապնդման ծրագրի իրականացմանը: Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ մեկտեղ՝ օմբուդսմենը խանգարում է Սյունիքի զանգվածասող բռնազավթմանը՝ դավաճան վարչապետի և նրան հնազանդ ուժայինների թողտվությամբ։ Փաշինյանն ու իր նախարարներն ուզում են, որ մայրաքաղաքի և այլ մարզերի բնակիչները հնարավորինս անտեղյակ լինեն սահմանային գոտում տիրող իրավիճակի մասին։ Դրան խանգարում են տեղական համայնքների ղեկավարներն ու օմբուդսմենի թիմը, որն արձանագրում է մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը։
Այս աշխատանքը ոչ մի րոպե չի դադարում Թաթոյանի համառության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Օմբուդսմենի վրա ֆեյքերի բանակի կազմակերպված հարձակումները ամենացայտուն վկայությունն են այն բանի, որ Թաթոյանից ուզում են ազատվել, անշուշտ՝ Նիկոլի անձնական ընկեր Իլհամ Հեյդարիչի թելադրանքով։ Նրան դուր չի գալիս, որ միջազգային իրավական ատյանները տեղեկացված են Հայաստանի սահմանամերձ տարածքների բռնազավթման և ինքնիշխան պետության տարածքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորների համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը, ուստի Թաթոյանին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ չի լինի…