ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նախագիծը երեկ քննարկվել էր Ազգային ժողովում: Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը օրինագծի քննարկման ընթացքում նշել էր, որ այն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, նպատակաուղղված է եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ինտեգրումը սերտացնելուն, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության ապահովմանը:

Օրինագծի որոշ դրույթներ բավական քննադատությունների արժանացան, թեժ քննարկումների առիթ դարձան։ Այդուհանդերձ, փաստաթուղթն այսօր ընդունվեց 77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, տեղեկացնում է ArmTimes.com: