Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին

Մի խումբ քաղաքական ու հասարակակն գործիչներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, տեղեկացնում է News.am: Ստորև ներկայացնում ենք հաղորդումը.

«Ձեզ ենք ներկայացնում ներքոշարադրյալ նյութը օրենքի շրջանակներում համապատասխան ընթացք տալու նպատակով.

2018 թվին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած և իրականացրած իշխանափոխության ժամանակ վերջինիս կոչով 2018թ.-ին կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շրջափակում, որտեղ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրեն չընտրեն վարչապետ, ապա Հայաստանի Հանրապետությունը երբեք վարչապետ չի ունենալու, և այդ նպատակով պատգամավորների վրա գործադրվել են օրենքով արգելված ճնշումներ:                  

Հայաստանի Հանրապետությունում «COVID»-ի համավարակի առաջին դեպքը ի հայտ է եկել 2020թ. փետրվարի վերջին: Սակայն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության կողմից սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնած «ԱՅՈ»-ի քարոզարշավն իրականացնելու համար կազմակերպված հանրահավաքները չտապալելու նպատակով հանրությունից թաքցվել է վարակի վտանգավորությունը դիտավորությամբ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա են տարածել և, այդ պատճառով, միջոցներ չեն ձեռնարկվել այդ վարակի տարածումը արագ կանխելու համար: Իշխանությունների անգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են համավարակի արագ տարածման բարձր ցուցանիշներ, որին մինչ օրս զոհ են դարձել չորս հազարին հասնող ՀՀ քաղաքացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվել է դատարանների շրջափակում, ինչը խաթարել է ինչպես դատարանների բնականոն գործունեությունը, այնպես էլ Սահմանադրությամբ ամրագրված վերջիններիս անկախությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնվել և ընդունվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին ցմահ կենսաթոշակներ նշանակելու մասին օրենքը՝ վերջինների կողմից հրաժարական ներկայացնելու պայմանով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխվել է 2018թ. ՀՀ ՊՆ սպառազինությունների գնման պլանը: Արդյունքում ՀՕՊ միջոցների փոխարեն գնվել են ՍՈՒ-30Մ ինքնաթիռներ՝ առանց ռազմամթերքի, ինչը թուլացրել է մեր պաշտպանական համակարգը և մեր պարտության պատճառներից մեկն է դարձել: Արցախյան պատերազմի ընթացքի մասին (իբր մեր երկրի հաղթելու վերաբերյալ) պետական լրատվամիջոցների կողմից 44 օր շարունակ պաշտոնական սուտ տեղեկատվություն է մատուցվել հանրությանը, ինչի արդյունքում տեղի չի ունեցել անհրաժեշտ մոբիլիզացիա և հանգեցրել է պատերազմում մեր պարտության:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել իշխանության յուրացում: Մասնավորապես վարչապետը յուրացրել է ՀՀ Սահմանադրության 155 հոդվածով ամրագրված զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները: Այսպես, ՀՀ Սահմանադրության 155 հոդվածի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 118 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովին է վերապահված Կառավարության առաջարկությամբ պատերազմ հայտարարելու մասին որոշման ընդունման լիազորությունը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 155 հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: Արձանագրենք նաև, որ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Մինչդեռ արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ չի եղել, այն եղել է Արցախի չճանաչված Հանրապետության դեմ: ՀՀ զինված ուժերը իրենց ամբողջ ներուժով փաստացի մասնակցություն չեն ունեցել Արցախյան 44 օրյա պատերազմին, ինչի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը որևէ որոշում չի ընդունել , իսկ Ազգային ժողովը որևէ պետության Պատերազմ չի հայտարարել: Փաստացի, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի կողմ չի հանդիսացել, հետևաբար զինված ուժերի գերագույն հրամանատարը չէր կարող լինել ՀՀ վարչապետը: Մինչդեռ, յուրացնելով զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները Նիկոլ Փաշինյանը իրեն հանցակից է դարձրել նաև իր կնոջը, վերջինիս գործուղելով Արցախի զինվորական հրամանատարական կենտրոն, որտեղ Աննա Հակոբյանը, որևէ առնչություն չունենալով ռազմական գործի հետ և որևէ լիազորություն չունենալով,մասնակցել և անհարկի միջամտել է մարտական գործողությունների օպերատիվ կառավարմանը, ինչը նույնպես իշխանության հանցավոր յուրացում է: Հայտարարելով երկրում ռազմական դրություն Նիկոլ Փաշինյանը, յուրացրել է զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը և, միաժամանակ, վիժեցրել է ՀՀ զինված ուժերի ամբողջական մասնակցությունը մարտական գործողություններին, փաստացի որևէ գործուն աջակցություն ցույց չի տվել Արցախի զինված ուժերին, ինչը հանգեցրել է դառը պարտության: Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը, չհանդիսանալով ԱՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, ՌԴ և Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատարների հետ 2020 թ. Նոյեմբերի 9-ին, գերազանցելով իր լիազորությունները, դրա իրավունքը չունենալով, ստորագրել է կապիտուլյացիային համազոր հայտարարությունը, որով թշնամուն է հանձնվել ԱՀ տարածքի և պաշտպանական գոտու որոշիչ մասը, և փաստացի, վտանգի տակ դնելով Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը:

Արցախյան պատերազմի անփառունակ ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից շարունակվել է Հայրենիքի շահերին հակառակ ուղղված գործողությունները:

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի Ջի-Փի-Էս համակարգի կամ վարչական քարտեզների միջոցով իրականացվել է ՀՀ սահմանների իբր «դեմարկացիա» կամ «դելիմիտացիա», ինչի արդյունքում ՀՀ բնակավայրերի տարածքներ փոխանցվել են թշնամուն:

Առերևույթ հանցագործություն համարվող վերը նշված արարքների վերաբերյալ խնդրում ենք կատարել հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Դիմողներ՝

Արշակ Զաքարյան

Տիգրան Չոբանյան

Արագած Ախոյան

Վարդան Այվազյան

Մերուժան Միքայելյան

Արամ Գասպարի Սարգսյան