ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ԽԱՐԽՈՒԼ ԿԱՄՐՋԻՆ,

կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը

Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ էր այդչափ փառապանծ հաղթանակների խորապատկերին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն օրերս հեծեծում այն առնչությամբ, որ եթե կառավարությունը չընկնի նորանոր պարտքերի տակ, ապա շատ շուտով կբախվի աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարման խնդիրների։ Բայց եթե կառավարությունն իր գործունեության 3-րդ տարում նույնիսկ չի կարողանում ինքնուրույն, պետական գանձարանի հարկային մուտքերի հաշվին վճարել իր քաղաքացիների համեստ աշխատավարձերն ու ողորմելի թոշակները, ապա այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք այդ բաբկեններն ու ատոմջանջուղազյանները։

Ոգևորվելով իրենց ոչ սթափ գնահատականներից՝ կառավարությունում որոշեցին ոգևորել նաև մյուս բոլորին։ Դրա համար նախորդ կառավարության պահուստային ֆոնդից հանեցին բավական խունացած ներդրումային ծրագրեր և ցնցեցին հանրությանը այն լուրով, թե ներդրողների հետ քննարկում են ամբողջ 60 կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի։

Գուցե բա՞վ է թլսորել մեր գլուխը։ Եթե նախորդ կառավարությունների օրոք այդ նախագծերը չեն իրականացվել, ապա Փաշինյանի օրոք դրա հնարավորությունն առավելևս զրոյական է։ Եվ ձախողակների կառավարությունում այդ մասին կռահում են, բայց ընդ որում ահավոր գործնական արտահայտություն են հաղորդում դեմքին, թե իբր՝ ահա՛, ուր որ է և՛ Շնողի ՀԷԿ-ը կսկսենք կառուցել (ժամկետը՝ 8 տարի, արժեքը՝ 150 մլն դոլար), և՛ կոշտ թափոնների բիովերամշակման 15 մլն դոլար արժողությամբ գործարանը կկառուցենք, և՛ Սևանի լեռնանցքում «Սեմյոնովկա» հողմային էլեկտրակայանը կարգի կգցենք (հզորությունը՝ 34 ՄՎտ, արժեքը՝ 56 մլն դոլար), և՛ «Նոյլենդը»։ Եվ այլն, և այդպես շարունակ. ճիշտ և ճիշտ նախկին կառավարությունների կազմած ներդրումային ծրագրերի հաշվեցուցակի համաձայն։ Չեմ զարմանա, եթե նշված 60 նախագծերի շարքում իշխանությունները զետեղել են նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման դժբախտ ծրագիրը և կրկին իսկ նախորդ աշխատակազմի նախաձեռնած Երևանի ՋԷԿ-ի 2-րդ բլոկի շինարարությունը։

Միաժամանակ մեր ծայրահեղ լավատես էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին սկսեց 5 տարվա վաղեմության խոսակցություններն այն մասին, թե ինչպիսի՜ չլսված հեռանկարներ շուտով կբացվեն հայկական տնտեսության առջև, որը կապող կամուրջ կդառնա Իրանի ու ԵԱՏՄ-ի, և ընդհանրապես ամենի ու ամենքի միջև։ Ախր գոնե մեկ թարմ գաղափար լիներ... Թարմ, բայցև սթափ, իրատեսական, այլ ոչ թե Գրիմմ եղբայրների հեքիաթների հավաքածուից:

Ի դեպ, պատերազմը մենք շահել ենք՝ նաեվ դատելով անցած տարվա գործունեության մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի վերջերս ներկայացրած հաշվետվությունից։ Նա հպարտորեն հայտնեց, որ 2017 թվականի համեմատ՝ ռազմական արդյունաբերության ֆինանսավորումն այս տարվա համար ավելացվել է 2,5 անգամ: Բայց այս կառավարությունը կապիտալ ծրագրերի համար հատկացումներն էլ է ավելացնում։ Թղթի վրա, այսինքն՝ պետբյուջեի նախագծերում։ Իսկ իրականում ունենք լավագույն դեպքում 30%-ի կատարում, այսինքն արդյունքը շատ ավելի վատ է, քան մինչնիկոլական ժամանակներում։

Ընդ որում պարզ է, որ Հակոբ Արշակյանը (ինչպեսև Վահան Քերոբյանը, և ինքը՝ վարչապետը) ապրում է իր ուրույն աշխարհում, որտեղ, օրինակ, փետրվարը բաղկացած է 30 օրից։ Իր ասուլիսում նա նախ պատմեց, որ հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն հասցվում են արտադրական հնարավորությունների, իսկ հետո հանկարծ ապշեցրեց բոլորին այն լուրով, թե հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ները լայնորեն կիրառվել են մեր զինված ուժերի կողմից Արցախում պատերազմի ընթացքում: Նախարարը, ըստ երևույթին, ոչ մի հակասություն չի տեսնում 2 րոպե տարբերությամբ իր իսկ ասածների միջև։ Իսկ ռադարային տեխնոլոգիաների հայկական մշակումները, որոնք կիրառվում են հակաօդային պաշտպանության մեջ, ինչպես պարզվեց, պատերազմի ժամանակ առհասարակ «մեծ հաջողությամբ» դիմակայել են թշնամու օդային հարձակումներին։ Գուցե նախարար Արշակյանը, որն ակնհայտ խնդիրներ ունի օրացույցի հետ, նկատի ուներ պատերազմը Վիետնամո՞ւմ։

Ընդհանուր առմամբ, մենք հաղթել ենք բոլորին ու բոլորի պորտը տեղը դրել: Միայն թե աշխատավարձերի ու կենսաթոշակների համար պարտքով փող ենք խնդրում ողջ աշխարհից։ Դե, ոչինչ։ Վաղը կկառուցենք «Սեմյոնովկան» ու կապրենք՝ քեֆ քաշելով

Основная тема:
Теги: