Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։ Այս մասին նշված է վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը բարձրացնելու օրինագծի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։

Լրագրողական կազմակերպությունները մտահոգիչ են համարում նաև նախագծով սահմանվող հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքը, իսկ այն խախտելու համար 500 հազար դրամի, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով տուգանք կիրառելը։

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են, որ ԱԺ-ն հետաձգի առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ։

Նախագծի ընդունման դեպքում ԶԼՄ ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ նախագահին չստորագրել այն, տեղեկացնում է Sputnik Armenia։