Փաստաբանների՝ ՀՔԾ-ի վերաբերյալ բողոքի նիստը նշանակվեց փետրվարի 26-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 15-ին, քննվում է փաստաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ ներկայացված բողոքը։

 



Դատարանում փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Դատախազություն, վերջինս ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ փաստաբանների պալատի ղեկավարի՝ եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել. «ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության»։

Զոհրաբյանն ասաց, որ ՀՔԾ-ն գրությամբ պատասխանել է, որ իրենց ներկայացրած հաղորդումը կցվել է գեներյալ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին։

Փաստաբանների խոսքով՝ պետական դավաճանության վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը չէր կարող քննության առարկա դառնալ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրեց իրենց հաղորդման բովանդակությանը։

Նա նշեց, որ հաղորդմամբ անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից պահեստազորի վերաբերյալ թվային տվյալների, պարենային պաշարների մասին տվյալների հրապարակմանը։

«Պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալներ է հրապարակել: Մենք նշել ենք, որ միգուցե եղել է պետական դավաճանություն: Մենք ասում ենք, որ կա հիմնավոր կասկած։ Նոյեմբերի 11-ին Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստները։ Նոյեմբերի 9-ին վկայակոչվել է կապիտուլյացիայի հայտարարությունը։ Այնուհետև Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ Փաշինյանը ժամանակին կարող էր կանգնեցնել պատերազմը։ Մովսես Հակոբյանի հայտարարությունը միայն մի դրվագով է նույնանում մեզ մոտ։ Այն վերաբերել է իր պաշտոնավարմանը, պատերազմի մի հատվածին։ Նրա հայտարարությունը, որ՝ սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականապես լուծելու են պատերի տակ վնգստացողների հարցերը…։ Դեկտեմբերի 20-ին կատարել է գրառում, որով Շուռնուխի և Որոտանի գյուղերի սահմանագծերի մասին փորձել է այդ զիջումը վերագրել նախկիններին»,- նշեց Զոհրաբյանը։

Դատարանը դատական նիստը հետաձգեց՝ փաստական բոլոր տվյալներին ծանոթանալու նպատակով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 26-ին ժամը՝ 14։00-ին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին։

Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ այն կցվել է արդեն հարուցված քրեական գործին, մինչդեռ՝ փաստաբանները գտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, տեղեկացնում է News.am։